«Ես Ավետարանը ամոթ չեմ համարում, քանի որ Աստծու զորությունն է ամեն հավատացյալի փրկության համար...» Հռոմ. 1.16
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, հավատարիմ մնալով իր կոչմանն ու առաքելությանը, շարունակում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի բերած Բարի Լուրը քարոզել նրանց, ովքեր դեռ առիթ չեն ունեցել լսել Աստծո Խոսքը և չգիտեն Տիրոջ փրկարար շնորհի մասին։
2024թ.-ի սեպտեմբերը, կարելի է ասել, ավետարանչության ամիս էր ՀԱԵ-ի համար: Եկեղեցին հյուրընկալելեց երկու հովվի, ովքեր ավետարանչության գործում իրենց ծառայությունը բերեցին Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Հայաստանյայց Ավետարանական տեղական եկեղեցիներում։
Նախ Ֆրանսիայի միությունից Մարսելի Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվ Վեր․ Հակոբ Չողանջյանը քարոզեց և այցելություններ իրականացրեց Հայաստանի մոտ տասը քաղաքում։ Այնուհետև ՀԱԵ մի քանի համայնքում քարոզեց և այցելություններ իրականացրեց Ամերիկայի միությունից Դետրոյթի Հայ Ավետարանական եկեղեցու հովիվ Վեր․ Հակոբ Հարությունյանն իր կնոջ՝ Նունեի ուղեկցությամբ։
Հյուր հովիվները ՀԱԵ տարբեր համայնքներում Աստծո Խոսքի հանդեպ փափագով հավաքված մարդկանց պատմեցին Հիսուսի փրկարար շնորհի, ապաշխարության կարևորության և քրիստոնեական առաքելության մասին: Ունկնդիրներից շատերը կատարեցին իրենց կյանքի ամենակարևոր քայլը՝ կյանքը նվիրեցին Աստծուն:
Վեր․ Հակոբ Չողանջյանն ու Վեր․ Հակոբ Հարությունյանը տարբեր քաղաքներում այցելեցին նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին և Աստծո Խոսքով փորձեցին մխիթարել նրանց ու քաջալերել, որ ապրեն հավատքով ու հույսով։
Արմեն Միսակյան