.
Հիշատակի պաշտամունք` նվիրված Զավեն Խանջյանին

 «Որովհետև մեզանից ոչ ոք ինքն իր համար չի ապրում, և ոչ ոք ինքն իր համար չի մեռնում։ Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք»: Հռոմ. 14.7-8

 

2024 թ.-ի օգոստոսի 9-ին Հայ Ավետարանական համայնքն ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը (AMAA) մեծ կորուստ ունեցան. ի Տեր ննջեց AMAA-ի գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը:

 

Սեպտեմբերի 26-ինՀայաստանյայց Ավետարանական եկեղեցին Բաղրամյան 18-ում առիթ ունեցավ հարգելու պարոն Խանջյանի հիշատակն ու փառք տալու Աստծուն նրա ապրած 80 բեղմնավոր տարիների համար:

 

Հիշատակի պաշտամունքին ներկա էին ոչ միայն AMAA-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար կազմն ու աշխատակիցները, ՀԱԵ հովիվներն ու անդամները Հայաստանի տարբեր քաղաքներից, այլև Զավեն Խանջյանի կինը՝ տիկին Սոնան, AMAA-ի և ՀԱԵ Համաշխարհային Խորհրդի նախագահ դոկտոր Նազարեթ Դարակչեանը տիկնոջ՝ Անիի հետ, հյուրեր ԱՄՆ-ից ու Հայաստանից: Մարդիկ, ովքեր տարբեր առիթներով պարոն Խանջյանի հետ առնչություն էին ունեցել, եկել էին հարգելու նրա հիշատակը:

 

Պաշտամունքը սկսվեց Սաղմոս 90.1-3, 12 համարների ընթերցմամբ ու շարունակվեց փառաբանության երգերով: Այնուհետև դոկտոր Նազարեթն անդրադարձավ պարոն Խանջյանի կենսագրությանը, Ավետարանչական Ընկերակցության հետ աշխատանքի ընթացքին, մարդկային որակներին ու ապագայի հանդեպ ունեցած տեսլականին. «Զավենը 70 տարեկան էր, երբ ստանձնեց Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակ հարցրի նրան, թե որքան է պատրաստվում աշխատել, ասաց՝ 10-ը տարի: Սա միակ խոստումն էր, որ Զավենը չպահեց, մահացավ 10-ը տարին բոլորելուց 3 շաբաթ շուտ»,- նշեց պարոն Դարակչեանը՝ նկատելով, որ Զավեն Խանջյանը միշտ խոսքի ու գործի մարդ էր:  

Պաշտամունքի ընթացքում հնչեց նաև Զավեն Խանջյանի ամենասիրելի հոգևոր երգերից մեկը՝ «Հացդ ձգէ ջրոց երեսը», որը յուրօրինակ կոչ է՝ կյանքը նվիրելու բարեգործությանն ու ավետարանչությանը՝ վստահ լինելով, որ Աստված կհոգա բոլոր կարիքները: Այդ երգի խոսքերի համեմատ ապրեց Զավեն Խանջյանը՝ վկայում էին նրան ճանաչողները:

Պարոն Խանջյանին որպես մեծ հայրենասերի, օրինակելի քրիստոնյայի ու ծառայությամբ խանդավառ եղբոր հիշելուց ու Աստծուն նրա ապրած տարիների համար փառք տալուց հետո ներկաները ստացան Աստծո Խոսքի մխիթարող պատգամը:

 

Վեր. Ավետիք Խաչատրյանը խոսեց Պողոս առաքյալի՝ Կորնթացիներին ուղղված երկրորդ նամակի 5-րդ գլխի 1-10 համարներում նկարագրվող հավիտենական հույսի մասին. «Այս կյանքը վրան է, որը մի օր հավաքվելու է, այն նույնպես Աստծո պարգևն է մեզ, բայց կա մեծ խոստում և դրա վրա հաստատված հույս, որ լավագույնն առջևում է, եթե մեր առհավատչյան Քրիստոսն է»: Վերապատվելին հիշեց նաև Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ստեփանակերտ մեկնած ծառայողներին  Զավեն Խանջյանի Սուրբ Գրքից մեջբերած քաջալերական հատվածը. «Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի»: Բ Կորնթ. 4.8-10

   

Պաշտամունքի ավարտից հետո հյուրերը դեռ երկար ժամանակ չէին հեռանում, հիշում էին, քաջալերվում ու միմյանց մխիթարում հավիտենական կյանքի հույսով:

Նախորդ
...
X