Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցի (ՄԱԱԴ) և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) համագործակցության շրջանակում քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) ծառայողների վերապատրաստման երկամյա ծրագրի նախավերջին փուլը եզրափակվեց Սինոպտիկ Ավետարանների և Առաքյալների Գործերի ուսումնասիրությամբ:
Սեպտեմբերի 9-13-ը ՀԱԵ «Հույսի տան» հյուրընկալ հարկի տակ ՀԱԵ ՔԴ ավելի քան 30 ծառայող առիթ ունեցավ լսելու ՄԱԱԴ-ի դասախոս Վեր. Վիլբերտ վան Սաանին:
Մանրամասն սերտելով Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններն ու Առաքյալների Գործերը, այդ գրքերի կառուցվածքը, զուգահեռները, առանձին առակները՝ խոսնակն օգնեց դասընթացի մասնակիցներին, որպեսզի առավել խորությամբ դիտարկեն Ավետարաններում արծարծվող թեմաներն ու աստվածաբանությունը: Վեր. Վիլբերտ վան Սաան անդրադարձավ նաև Առաքյալների Գործերում նկարագրված իրադարձություններին և Պողոս Առաքյալի քարոզների վերլուծությանը, հունա-հռոմեական կրոններին ու փիլիսոփայական ուղղվածություններին, հին աշխարհում հռետորաբանության կանոններին:
Յուրաքանչյուր թեմա ամփոփվում էր գործնական աշխատանքով՝ դերային խաղերի, անհատական վերլուծությունների և այլ մեթոդների միջոցով: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացած գիտելիքներն ամփոփեցին քննության միջոցով: