«Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով քո խոսքի համեմատ» Սաղմոս 119.9
Ավելի քան 300 երիտասարդ Հայաստանի տարբեր շրջաններից, այդ թվում և արցախցիներ, օգոստոսի 20-28-ը՝ երկու հերթափոխով Հանքավանի «Շողիկ» ճամբարում էին: Նրանք օգտագործեցին ամռան վերջին օրերը ոչ միայն հետաքրքիր և հաճելի ժամանակ անցկացնելու, այլև Աստծո Խոսքի լույսի ներքո խորքային ինքնաճանաչման և զարգացման համար:
«Կողմնորոշում» խորագիրը կրող երիտասարդական ճամբարը, ծրագրային ու ծառայողական թիմի կրեատիվ մտքերի ու ամիսներ տևած աշխատանքի շնորհիվ, հարուստ էր նորարարություններով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ու գեղարվեստական մոտեցումներով:
Միտքն ու մարմինը մարզող խաղերից բացի, երիտասարդները ոլորտի մասնագետներից լսեցին արհեստական բանականության ստեղծած հնարավորությունների ու թաքնված վտանգների մասին, սովորեցին ֆինանսական գրագիտության սկզբունքները, իսկ ՈՄԱ-ի մասնագետների շնորհիվ կազմակերպված արկածային արշավի ընթացքում իմացան, թե ինչպես պետք է անծանոթ տարածքում տեղաշարժվեն ու նշանակետը գտնեն միայն քարտեզի, քանոնի ու կողմնացույցի օգնությամբ՝ ազիմուտը հաշվարկելով:
Ճամբարային ծրագրի յուրաքանչյուր բաժին փոխկապակցված էր ընդհանուր խորագրին և օգնում էր երիտասարդներին կողմնորոշվել իրենց ցանկությունների, մտքերի և զգացմունքների ոլորտում՝ Աստծո կամքին համապատասխան:
Օրվա թեմայի նախապատրաստությունը սկսվում էր առավոտ կանուխ՝ մենիկ պահերով: Այնուհետև շարունակվում էր առավոտյան դահլիճում՝ թեմատիկ շարունակական ներկայացումով ու Աստծո Խոսքից պատգամով, որին հաջորդում էր խմբային քննարկումը: Տարիքայի բաժանումով ստեղծված խմբերում երիտասարդներն առիթ էին ունենում օրվա թեմային անձնական անդրադարձ կատարել, խոսել իրենց խնդիրներից ու բարձրաձայնել հարցեր, որոնց պատասխանները փնտրում էին Աստծո Խոսքի մեջ:
Պատգամների հիմնական հատվածն առնված էր Պողոս առաքյալի՝ Հռոմեացիներին ուղղված նամակի 1-ին գլխի 18-32 համարներից: Երիտասարդական ճամբարի տնօրեն և պատգամաբեր Արմեն Միսակյանը խոսեց 3 կարևոր թեմայից.
· Մարմին- կողմնորոշված ցանկություններ
· Միտք- կողմնորոշված տրամաբանություն
· Սիրտ- կողմնորոշված զգացմունքներ
Յուրահատուկ էր ճամբարի նախավերջին օրվա երեկոյան ծրագիրը: Խորեոգրաֆիկ լուծումներով ներկայացումն արտացոլում էր երիտասարդական ցանկություններն ու մեղքի հետ մշտական պայքարը, որի լուծումը՝ Քրիստոսի փրկարար շնորհն ու ազատագրումն է: Օրվա պատգամն ամփոփեց այդ փրկության շնորհն ու ապաշխարության կոչ հնչեց: Վեր. Ավետիք Խաչատրյանը խոսեց Գործք 17.23-31 համարներում նկարագրված Պողոս առաքյալի՝ Աթենքում տրված պատգամից՝ շեշտադրելով մարդկությանը տրված Աստծո պատվերը՝ ապաշխարությունը:
ՀԱԵ 2024 թ.-ի երիտասարդական ճամբարի նպատակը պարզ, բայց խիստ կարևոր էր. օգնել երիտասարդներին՝ տեսնել իրենց կյանքի անհավասարակշռությունը, ուսումնասիրել ու հասկանալ կայունության անհրաժեշտությունը և որոշում կայացնել՝ պահպանել սիրտը, միտքը և մարմինը համաչափության մեջ՝ Աստծո օգնությամբ ու Նրա փառքի համար։ Այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն Աստծո Խոսքի համեմատ ապրելն է: Միայն այդ Խոսքով է հնարավոր կառավարել զգացմունքները, տրամաբանությունն ու ցանկությունները։