Բոլորս կյանքում ունենում ենք կանգառներ... կանգառներ, որոնք առնելու կամ թողնելու հանգրվաններ են դառնում։
Պատանեկան ճամբարի «ԿանգԱռ N1» խորագիրն արտացոլում էր մի պահ դադար առնելու և սեփական առաջնահերթությունները տարբերակելու գաղափարը։
Այս տարի «Շողիկ»-ը 800-ից ավել պատանու համար ճամբարային ճամփորդության հիանալի վայր դարձավ։ Չորս հերթափոխի ընթացքում, Հայաստանի տարբեր համայնքների պատանիներ իրենց ճամփորդության կանգառն ունեցան Շողիկ ճամբարում, որտեղ յուրաքանչյուրն առիթ ունեցավ մի պահ անդրադառնալու և հայելու մեջ տեսնելու իրեն։ Այս ճամփորդությունն ուներ չորս կանգառ՝ հեղինակության, ինքնաճանաչման, ձայների և ազատության։
Պատանիների տարիքին համապատասխան ընտրված թեմաներն օգնեցին նրանց, հետևելով Պետրոս առաքյալի կյանքի կարևոր դրվագներին, անդրադարձ կատարել և հասկանալ՝ ի՞նչ հեղինակություն կա իրենց կյանքում, որը բերում է ինքնաճանաչման, ինչպիսի՞ ձայներ կան, որոնք կյանքի ԿանգԱռ - ներում հեռացնում կամ մոտեցնում են Աստծուն և վերջապես ի՞նչպես կարող են Աստծո ձայնը տարբերելով՝ հասնել իրական ազատության։
Ծրագրային յուրաքանչյուր բաժին՝ աստվածաշնչյան պատմություններ, սեմինարներ, անձնական կյանքի վկայություններ, խաղեր, ժամանց, արշավ՝ կառուցված քրիստոնեական արժեքների և սկզբունքների վրա, առիթ էին մտորելու այս առաջնահերթությունների մասին։
Տեսնելով պատանիների ոգևորությունը և արձագանքը՝ կարող ենք ասել, որ ճամբարը ծառայեց իր նպատակին. շատերը ճամբարից հեռացան՝ վերագտնելով իրենց և հստակ որոշումներ կայացրած՝ ինչպես են այսուհետ շարունակելու իրենց հետագա ընթացքը։
Ճամբարը վայր է, որտեղ իսկապես աշխարհի աղմուկից կտրվելով՝ կարողանում ես մի պահ կանգ առնել...
• ԿանգԱռ ... ճանաչի՛ր քեզ և քո կյանքի հեղինակությանը (Մատթ. 16.13-16):
• ԿանգԱռ... որոշի՛ր՝ ինչպիսի վերափոխման կարիք ունես (Ղուկաս 5.1-10, Մատթ. 16.18):
• ԿանգԱռ… բոլոր ձայների մեջ լսի՛ր Աստծո ձայնը (Ղուկաս 22. 31-34, 54-62):
• ԿանգԱռ... Աստծո հետ գտի՛ր իրական ազատություն (Հովհաննես 21. 1-19):
Էլինա Գասպարյան