Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։
Ա Թեսաղոնիկեցիներին 5.11
Կարոտի, ուրախության և տխրության պահերը միավորել էին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Արցախի համայնքն Արմավիրում:
Որքա՜ն շատ բան կար ասելու, որքա՜ն շատ բան կար պատմելու: Հիշողություններ, որ սփոփում են ցավն ու տառապանքը, հիշողություններ, որ կարոտի կրակն են բորբոքում: Այնտեղ՝ հեռվում են մնացել մեկի մանկության հուշերը, մյուսի երկար ու ձիգ ապրած տարիները, մեկի երազանքները, մյուսի՝ հիշողություններով ներծծված տան պատերը: Այնքա՜ն մեծ է կորստի ցավը, բայց ավելի մեծ է ապրելու տենչը: Սակայն, այդ ամենով հանդերձ, որքան գեղեցիկ ու բարի է, երբ միաբան, ձեռք ձեռքի տված՝ մեկը մյուսի տկարությունն է վեր առնում, մեկը մյուսին քաջալերում է կյանք տվող և ապրեցնող խոսքերով: Որքա՜ն գեղեցիկ է միաբան ձայն բարձրացնել ու երկրպագել, գովել ու փառաբանել Տիրոջը, աղոթել ու լսել Աստծո Խոսքը:
Արցախից տեղահանված ՀԱԵ անդամների երկար սպասված երկրորդ հանդիպումը կայացավ հուլիսի 27-ին: Շուրջ 70 ավետարանական շարժվեց դեպի Էջմիածին՝ շրջելու Մայր տաճարում և իրենց սրտի աղոթքը բարձրացնելու առ Աստված: Ճանապարհի վերջին հանգրվանն Արմավիրն էր, որտեղ իր հյուրընկալ դռներն էր բացել Արմավիրի ՀԱԵ-ն: Արցախի ՀԱԵ անդամները, որ հիմա Հայաստանի տարբեր քաղաքներում են ապրում ու ՀԱԵ տեղական եկեղեցիներին անդամակցում, շտապել էին՝ ներկա գտնվելու այս հանդիպմանը: Իրար էին խառնված ժպիտ ու թախիծ, արցունք ու ծիծաղ, երգ ու սաղմոս:
Գերմանիայի Գուստավ Ադոլֆ Վերկ (GAW) քրիստոնեական կազմակերպության գլխավոր քարտուղար Վեր. Էննո Հաաքսը և նրա տիկինը՝ Մագդալենան նույնպես ներկա էին այս հանդիպմանը: GAW-ը Արցախի ՀԱԵ-ի վաղեմի բարեկամն ու հովանավորն է: Ներկաները երախտապարտ հայացքներով ու լուռ ժպիտով էին խոսում նրանց հետ, ում լեզուն չէին հասկանում: Տարբեր լեզուներով, բայց փառաբանության մեկ հոգով, բոլորը երգում էին. «Ազգերը թող տեսնեն՝ ինչ մեծ, մեծ է Աստված…»:
Թեև կորցրած տուն և հայրենիք, բայց կա հույս և հավատ դեպի Հայր Աստված, և որոշում՝ ծառայելու Նրան ամբողջ սրտով, հոգով, կյանքով ու էությամբ: Եվ սա էր հռչակվում այն երգերի միջոցով, որ ծնունդ են առել Արցախում: «Եթե ինձ հարցնեն, թե ինչ ես ուզում, կասեմ՝ Հայր Աստծո սերն եմ ուզում: Եթե ինձ հարցնեն քո կամքը վերջին, կասեմ ուզում եմ փրկություն ազգի....»: Սա այն երգերից մեկն է, որ փայփայելով պահված էր բոլորի սրտի խորքում, և հիմա պահն էր՝ հռչակելու. «ուզում եմ փրկություն ազգի»...
Հագեցած էր օրը՝ լցված հիշողություններով: Արցախի ծառայություններից արված նկարների մեջ ամեն մեկն իրեն էր փնտրում: Հիշում էին այդ օրը, այդ պահը: Իսկ փոքրիկ Վիկտորիայի վրձնած Այան ու Ապան, Գանձասարը, Ղազանչեցոցը, Ամարասը խոսում էին այն մասին, որ հայի հավատքն անկոտրում է, որ Արցախը մեր սրտում ու մեր մեջ է, որ հող ու ջրից մեզ կտրելով՝ չեն կարող կտրել Աստծուց:
Իսկ Աստծո ասելիքը միաբանված եկեղեցուն՝ հնչեց ՀԱԵ ավագ հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանի շուրթերով: Խոսքը Ա Թեսաղոնիկեցիների 5.9-11 հատվածի շուրջ էր: Աշխարհի մեջ փոխվելու են իրերն ու իրավիճակները, որոնք դուրս են մեր վերահսկողությունից, բայց դուրս չեն Աստծո վերահսկողությունից: Ամեն բան Նրա տնօրինության տակ է: Վերապատվելին ներկայացրեց Թեսաղոնիկեի եկեղեցու անցած դժվարին ուղին և Պողոս Առաքյալի քաջալերանքի շեշտադրումը, որ եկեղեցին որոշված է փրկության համար՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, Նրա հետ ապրենք: Եկեղեցին եկեղեցի է միաբան լինելով, մեկը մյուսի կողքին կանգնելով և հիշեցնելով Աստծո խոստումները, հավատարմությունը, Տեր Հիսուս Քրիստոսով բերված փրկությունը. «Դուք պե՛տք եք իրար, և դրանով կարող եք հաղթահարել ձեր դժվարությունները: Դուք շատ բան եք կորցրել, չլինի թե մեկդ մյուսին էլ կորցնեք, և մեկդ մյուսին օգնելու, մեկդ մյուսին հասնելու առիթն ու պատեհությունն էլ բաց թողնեք: Աստված որոշել է, որ Տեր Հիսուս Քրիստոսով դուք լույսի որդիներ եք և պայքարելու եք խավարի դեմ:»
Որքան դժվար էր հրաժեշտի պահը, սակայն ամեն ոք հեռացավ՝ Աստծո Խոսքով քաջալերված և իր մտքի ու սրտի մեջ հնչեցնելով կոչը, որով իր խոսքն ավարտեց վեր. Հովսեփյանը. «Եղե՛ք եկեղեցի Քրիստոսի համար և մեկդ մյուսի համար»:
Կարինե Գրիգորյան
Արմավիրում ՀԱԵ երեցկին