Հայրենիքը, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին ու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ներսից ճանաչելու և մաս կազմելու սփյուռքահայ երիտասարդների առաքելությունն ավարտվեց:
AMAA-ի փորձառական շրջանի խումբը մեկնեց ԱՄՆ, բայց մինչ այդ նրանց հոգևոր փորձառությունն ամփոփվեց Պաշտամունքով:
ՀԱԵ Բաղրամյան 18-ում, հուլիսի 18-ին՝ երեկոյան 18:30-ին, տեղի ունեցավ միասնական Պաշտամունք, որին ներկա էին ոչ միայն սփյուռքի պատվիրակությունը, այլև երիտասարդներ ՀԱԵ Երևանի 3 համայնքից (Բաղրամյան 18, «Հույսի Տուն», ՀԱԹ), Աբովյանից ու Այնթապից:
Պաշտամունքը սկսվեց փառաբանությամբ՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ի երիտասարդական երգչախմբի առաջնորդությամբ, հնչեցին նաև մեներգեր:
Ողջույնի ու քաջալերանքի խոսքով հանդես եկավ փորձառական շրջանի՝ այս տարվա խմբի ղեկավար վեր. դոկ. Արա Չաքրյանը: Մեջբերելով Առակաց 3.5-6 համարները՝ վերապատվելին հորդորեց երիտասարդներին որևէ ընտրության պարագայում մի կողմ թողնել հպարտությունն ու գնալ Աստծո մոտ. Նա է, որ ամեն բան գիտի: Վերապատվելին ներկաներին խնդրեց նաև աղոթել սփյուռքի համար. «Օտար հողում՝ արմատներից կտրված, միշտ էլ ինքնության պահպանման խնդիր կա, աղոթե՛ք, որ երբեք չմոռանանք, թե նախ Աստծունն ենք, հետո՝ հայ ենք»:
Պաշտամունքի ընթացքն առաջնորդող եղբայրը՝ Արկադի Հանիսյանը, աղոթեց վեր. Չաքրյանի առաջարկած նյութի շուրջ, որից հետո ներկաներն առիթ ունեցան լսելու օրվա պատգամախոսին:
Վեր. Ավետիք Խաչատրյանը խոսեց Սաղմոս 46-ի շուրջ՝ անդրադառնալով հարցին, թե որտեղի՞ց են մեր վախերն ու տկարությունները, և որտե՞ղ է իրական ապահովությունը: Վերապատվելին նկատեց, որ վախն առկա է, երբ ճիշտ տեղում չենք, և սխալ բաների վստահելով ենք ապահովություն փնտրում, բայց երբ հիշենք, որ Աստված արագահաս օգնական է, ով միշտ է արձագանքում, կկարողանանք գտնել իրական ապահովությունը:
Պաշտամունքից հետո՝ հյուրասիրության շուրջ, երիտասարդները հաղորդակցության առիթ ունեցան:
Հարկ է նշել, որ վեր. դոկ. Արա Չաքրյանը Հայաստանում գտնվելու օրերն օգտագործեց նաև հոգևոր ծառայությունների ու հաղորդակցության համար: Նա՝ որպես պատգամախոս եղավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցիներում, ինչպես նաև հանդիպեց ՀԱԵ հովիվներին՝ նրանց լսելու, քաջալերելու և սեփական փորձով կիսվելու համար: