Հովհաննես 8.31-32, 36, 42-47 Չորեքշաբթի | Մայիսի 15
…որովհետև (սատանան) ստախոս է և կեղծիքի հայրը։ Հովհ. 8.44
ՍՏԵՐ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Ադոլֆ Հիտլերը կարծում էր, որ մեծ սուտն ավելի ուժեղ է, քան փոքրը, և, ցավոք, նա հաջողությամբ փորձարկեց իր տեսությունը: Իր քաղաքական կարիերայի սկզբում նա հայտարարեց, որ պատրաստ է աջակցել ուրիշների ձգտումներին: Գալով իշխանության՝ նա հայտարարեց, որ իր կուսակցությունը մտադիր չէ որևէ մեկին հետապնդել։ Հետագայում նա օգտագործեց լրատվամիջոցները՝ իրեն որպես հայր և բարոյական առաջնորդ ներկայացնելու համար:
Սատանան օգտագործում է սուտը՝ մեր կյանքում իշխանություն ձեռք բերելու համար: Հնարավորության դեպքում նա վախ, զայրույթ և հուսահատություն է առաջացնում, քանի որ նա «ստախոս է և կեղծիքի հայրը» (հ․ 44): Սատանան չի կարող ասել ճշմարտությունը, քանի որ, ինչպես ասաց Հիսուսը, նրա մեջ ճշմարտություն չկա:
Ահա թշնամու ստերի մի քանի օրինակ. մեր աղոթքները նշանակություն չունեն: Ճիշտ չէ. Աստվածաշունչն ասում է. «Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում» (Հակ. 5.16): Երկրորդ, երբ մենք նեղության մեջ ենք, ելք չկա։ Կրկին սխալ. «Աստծու համար ամեն ինչ է հնարավոր» (Մարկ. 10.27), և «փորձության հետ ելքն էլ կպատրաստի» (Ա Կորնթ. 10.13): Երրորդ՝ Աստված մեզ չի սիրում։ Սա ճիշտ չէ. ոչինչ չի կարող «մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է» (Հռոմ. 8.38-39):
Աստծո ճշմարտությունն ավելի զորեղ է, քան սուտը: Եթե մենք հավատարիմ մնանք Քրիստոսի ուսմունքներին, Նրա զորությամբ կճանաչենք ճշմարտությունը, կմերժենք կեղծիքը և «ճշմարտությունը կազատի» մեզ (հ․ 31-32):
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, Դու ես ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Խնդրում եմ, ցույց տու՛ր ինձ այն ստերը, որոնց ես հավատացել եմ, և օգնի՛ր ինձ հավատարիմ մնալ այն ճշմարտությանը, որ սերտել եմ Աստվածաշնչում: Ամեն։
Կան ստեր, որոնց հակված ենք հավատալու, բայց Աստված կարող է նորոգել մեր միտքն Իր ճշմարտությամբ:
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 22-23, Հովհաննես 4.31-54