Բ Մնացորդաց 18.9-16 Երկուշաբթի | Մայիսի 13
Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ խոսելու։ Բ Մնաց. 18.13
ՄԻԱՅՆԱԿ ՁԱՅՆԸ
Փարիզի խաղաղության կոնֆերանսից հետո, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ֆրանսիացի մարշալ Ֆերդինանդ Ֆոշը դառնորեն նկատեց. «Սա խաղաղություն չէ: Սա զինադադար է քսան տարի ժամկետով»։ Ֆոշի տեսակետը հակասում էր տարածված համոզմունքին, որ այս սարսափելի հակամարտությունը կլինի վերջինը՝ «բոլոր պատերազմներին վերջ տալու պատերազմը»։ Քսան տարի երկու ամիս անց սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ֆոշը ճիշտ էր:
Շատ վաղուց Միքիան՝ այդ ժամանակի Աստծո միակ ճշմարիտ մարգարեն, շարունակ կանխագուշակում էր սարսափելի ռազմական հետևանքները Իսրայելի համար (Բ Մնաց. 18.7): Նրան հակառակ՝ Աքաաբ թագավորի չորս հարյուր սուտ մարգարեները կանխագուշակեցին հաղթանակը: «Ահա մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար»,- ասաց պալատականներից մեկը՝ Միքիայի մոտ գնալով։ - Ուրեմն թող քո խոսքն էլ նրանցից մեկի ասածի պես լինի. բարի՛ խոսիր» (հ. 12):
Միքիան պատասխանեց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ խոսելու» (հ. 13): Նա կանխագուշակեց, որ Իսրայելը կլինի «ցրված լեռների վրա ոչխարների նման, որոնք հովիվ չունեն» (հ. 16): Միքիան ճիշտ էր. ասորիները սպանեցին Աքաաբին, և նրա զորքը փախավ (հ. 33–34; Գ Թագ. 22.35-36):
Միքիայի նման մենք՝ Հիսուսի հետևորդներս, կիսում ենք մի պատգամ, որը հակասում է ընդունված կարծիքին։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. 14.6): Շատերին դուր չի գալիս այս պատգամը. մարդիկ ասում են, որ դա շատ չափազանցված է: Այնուամենայնիվ, Քրիստոսը բերում է մխիթարական ուղերձ, որն ընդգրկում է ամեն ինչ: Նա ողջունում է բոլորին, ովքեր դիմում են Իրեն:
Աղոթք – Հա՛յր, խնդրում եմ, տու՛ր ինձ իմաստություն՝ ճանաչելու Քո ճշմարտությունը։ Ամեն։
Սուրբ Հոգին առաջնորդում է սիրով գործել կամ խոսել, երբ Աստված մարտահրավեր է նետում մեր սեփական ենթադրություններին:
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 17-18, Հովհաննես 3.19-36