Բ Տիմոթեոսին 1.3-5 Կիրակի | Մայիսի 12
Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ։ Բ Տիմ. 1.5
ԹՈՂՆԵԼ ՀՈԳԵՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Դեռահաս տարիքում ես և քույրս չէինք հասկանում մորս որոշումը՝ ընդունել Հիսուսին որպես իր Փրկիչ, բայց մենք չէինք կարող ժխտել այն փոփոխությունները, որ տեսանք նրա մեջ: Նա ձեռք բերեց խաղաղություն և ուրախություն՝ սկսելով հավատարմորեն ծառայել եկեղեցում: Աստվածաշնչի ուսումնասիրության այնպիսի անհագ ծարավ ուներ, որ ընդունվեց և ավարտեց ճեմարանը։ Մորս որոշումից մի քանի տարի անց քույրս ընդունեց Քրիստոսին և սկսեց ծառայել Նրան: Եվ դրանից մի քանի տարի անց ես նույնպես հանձնվեցի Հիսուսին և սկսեցի ծառայել Նրան: Շատ տարիներ անց հայրս նույնպես միացավ մեզ և հավատաց Նրան: Մորս որոշումը՝ ընդունել Քրիստոսին, շրջադարձային ազդեցություն ունեցավ, որը փոխեց մեր ընտանիքի և հարազատների կյանքը:
Երբ Պողոս առաքյալը գրեց իր վերջին նամակը Տիմոթեոսին և խրախուսեց նրան հարատևել Հիսուսի հանդեպ հավատքի մեջ, նա նշեց Տիմոթեոսի հոգևոր ժառանգությունը։ «Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է» (հ. 5):
Մայրե՛ր և տատիկնե՛ր, ձեր որոշումները կարող են ազդել սերունդների վրա:
Որքա՜ն հրաշալի էր, որ Տիմոթեոսի մայրն ու տատիկն օգնեցին ամրապնդել նրա հավատքը, որպեսզի նա կարողանար դառնալ այն մարդը, ում Աստված կանչեց:
Եկե՛ք հարգենք այն մայրերին, ովքեր որոշել են հետևել Հիսուսին:
Հոգևոր ժառանգություն թողնենք նաև մեր սիրելիներին։
Աղոթք - Հայր Աստվա՛ծ, շնորհակալություն աստվածապաշտ մայրերի համար: Խնդրում եմ, օգնի՛ր ինձ՝ հոգևոր ժառանգություն թողնել նաև ուրիշների համար: Ամեն:
Ի՞նչ հոգևոր ժառանգություն կցանկանայիք թողնել ուրիշներին:
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 15-16, Հովհաննես 3.1-18