.
Իջեվանի ՀԱԵ-ի 20-ամյա հոբելյանը

2017թ.-ի նոյեմբերի 19-ը յուրահատուկ ու պատմական էր Իջեւանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու համար: 20 տարի առաջ, այս քաղաքում առաջին անգամ ՀԱԵ-ն պաշտամունք բարձրացրեց առ Աստված, եւ ձեւավորվեց համայնք, որը մինչեւ օրս հավատարմորեն Տիրոջն է պաշտում ու ծառայում: Համայնքը, որ սկսել էր տնային եկեղեցու կարգավիճակով, այսօր մեծ ու հարմարավետ եկեղեցաշենք ունի, որտեղ քրիստոնեական դաստիարակության ծառայություններ, Սուրբ Գրքի սերտողություններ, կրթամշակութային ծրագրեր, եւ պաշտամունքներ են իրականացվում: Կիրակնօրյա պաշտամունքը, որը նաեւ հոբելյանական էր, սկսվեց Սաղմոս 122-ի առաջին համարով՝ «Որախանում էի, երբ ինձ ասում էին՝ գնանք ՏԻՐՈՋ տունը»: Այնուհետեւ համայնքին եւ հյուրերին ողջունեց Իջեւանի ՀԱԵ հոգեւոր հովիվ՝ Վեր. Ալբերտ Փայտյանը: Վերապատվելին շնորհավորեց եկեղեցու տարեդարձն ու նկատեց, որ անցած 20 տարիների համար Տիրոջն են պարտական, եւ ձեռքբերումները, որ այսօր ունի եկեղեցին, միմիայն Աստծո փառքի մասին են պատմում, ու Նրա ողորմության արդյունքն են: Այնուհետեւ՝ Վեր. Փայտյանի աղոթքից հետո, պաշտամունքի ներկաներն ընթերցեցին ՀԱԵ հավատո հանգանակը, եւ միասնաբար փառաբանեցին Աստծուն:

Պաշտամունքի ընթացքում, երգերից մեկը առաջնորդեցին Իջեւանի ՀԱԵ առաջին մանուկները, ովքեր այսօր ծառայողներ եւ ավետարանիչներ են: «Տեր պահե զիս արյունիդ տակ» երգը համայնքին ներկայացվեց այնպես, ինչպես դա անում էին 20 տարի առաջ՝ թղթե պաստառի վրա՝ ձեռքով գրված: Եկեղեցու կիրակնօրյայի նախկին սաներից մեկը՝ Ալիսա Սարհատյանը, հիշեց 20 տարի առաջ կիրակնօրյա դպրոցի առաջնորդներին, նրանց, ում Աստված գործածելով բազում պտուղներ տվեց՝ հովիվների, ավետարանիչների ու եկեղեցու ծառայողների տեսքով: Տեսաշարի միջոցով ամփոփվեց եկեղեցու 20-ամյա գործունեությունը, համայնքը հիշեց, թե ինչպես սկսվեց ամեն ինչ, եւ ովքեր էին այն մարդիկ, որ ՀԱԵ առաջին պաշտամունքներն էին անցկացնում Իջեւանում, տեսան նաեւ այն մանուկներին ու պատանիներին, ովքեր մինչեւ օրս հավատարմորեն Աստծո դաշտում են, եւ ծառայում են ՀԱԵ-ում: (Տեսանյութը դիտեք այստեղ՝ www.youtube.com-history)

Եղան նաեւ տեսաուղերձներ. ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ՝ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը տեսաուղերձով դիմեց Իջեւանի ՀԱԵ համայնքին, շնորհավորեց նրանց, ու քաջալերեց Սուրբգրային օրինակներով (տեսաուղերձը դիտեք այստեղ՝ www.youtube.com-congratulations): Տեսաուղերձով շնորհավորեցին նաեւ ՀԱԵ Իջեւանի համայնքի այն ծառայողները, ովքեր այսօր, տարբեր պատճառներով, գտնվում են Հայրենիքից դուրս: Տոնական պաշտամունքին ներկա էին նաեւ ՀԱԵ տարբեր քաղաքների հոգեւոր հովիվներ եւ ծառայողներ, ինչպես նաեւ ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժնի աշխատակիցները: Հյուրերը հանդես եկան ողջույնի խոսքով, շնորհավորեցին Իջեւանի համայնքին, քաջալերեցին Սուրբգրային համարներով ու նվերներ հանձնեցին: ՀԱԵ խորորհուրդի անունից Վեր. Հովհաննես Հովսեփյանը Իջեւանի եկեղեցուն հաղորդության բաժակ նվիրեց:  

Այնուհետեւ, Վեր.Ալբերտ Փայտյանը Աստծո Խոսքի պատգամը բերեց Գործք Առաքելոց 24.24-25 համարների շուրջ, եւ Ֆելիքս կուսակալի օրինակով անդրադարձ կատարեց «փրկության ժամանակին»: Մարդիկ հաճախ կարծում են, թե դեռ ժամանակ ունեն, եւ Աստծուն կգան, երբ իրենց հարմար լինի: Վերապատվելին նշեց, որ հիմա է ժամանակը փրկության համար, որովհետեւ ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու մեկ րոպե հետո: Պատգամի վերջում ապաշխարության կոչ եղավ, ու նրանք, ովքեր ընտրեցին այդ «ժամանակը»՝ մեղքերի թողության աղոթք բարձրացրեցին:

Հուզառատ ու հիշողություններով հարուստ պաշտամունքից հետո, եկեղեցասրահ բերվեց հոբելյանական տորթը: Վեր. Փայտյանը բեմ հրավիրեց համայնքի այն անդամներին, ովքեր ներկա են եղել 1997թ.-ին եկեղեցու առաջին պաշտամունքին: Բեմ բարձրացած մոտ երկու տասնյակ հավատացյալները միասին փչեցին 20-ամյակի տորթի մոմերն ու աղոթեցին, որ Տիրոջ փառքն ու ողորմությունը չպակասի իրենց համայնքից:

 

Նախորդ
...
X