Հռոմեացիներին 12.4-8 Երեքշաբթի | Մայիսի 7
Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է։ Հռոմ. 12.6
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ
Տասնամյակներ առաջ ես քոլեջում մի համագումարի էի մասնակցում, որտեղ բոլորը խոսում էին անհատականության բացահայտման թեստի մասին: «Ես ԻԶՄԴ եմ, այսինքն՝ ինտրովերտ եմ, զգայուն, մտածող և դատող»,- ասաց մասնակիցներից մեկը: Մեկ ուրիշն իրեն բացահայտել էր որպես ԷԻԶԿ՝ էքստրավերտ, ինտուիտիվ, զգացական, կազմակերպված անհատի: Ես տարակուսած էի և սկսեցի կատակել՝ պատահականության սկզբունքով տառերի հապավումներ արտասանելով:
Այդ ժամանակից ի վեր ես շատ բան սովորեցի Մայերս-Բրիգսի տիպաբանության թեստի և այլ ճանաչողական թեստերի մասին: Դրանք, ըստ իս, հետաքրքրական են, քանի որ կարող են օգնել մեզ հասկանալ ինքներս մեզ և ուրիշներին օգտակար և բացահայտող տեսանկյունից՝ լույս սփռելով մեր նախասիրությունների, ուժեղ և թույլ կողմերի վրա: Պայմանով, եթե մենք չչարաշահենք դրանց կիրառումը, այս թեստերը կարող են օգտակար գործիքներ լինել, որոնք Աստված օգտագործում է մեզ աճեցնելու համար:
Աստվածաշունչը մեզ անհատականության թեստեր չի տալիս, բայց հաստատում է յուրաքանչյուր մարդու եզակիությունն Աստծո աչքում (Սաղմ. 139.14-16, Երեմ. 1.5) և ցույց է տալիս, թե ինչպես է Աստված մեզ բոլորիս տալիս յուրահատուկ ինքնություն և եզակի պարգևներ՝ Իր թագավորության մեջ ուրիշներին ծառայելու համար: Հռոմեացիներին ուղղված նամակում Պողոսը շեշտում է այս գաղափարը. «Միայն թե զանազան պարգևներ ունենք ըստ այն շնորհի, որ մեզ տրված է» (հ․ 6):
Այս պարգևները, բացատրում է Պողոսը, ոչ միայն մեզ համար են, այլ նաև Աստծո ժողովրդին՝ Քրիստոսի մարմնին ծառայելու համար (հ. 5): Դրանք Նրա շնորհի և բարության արտահայտությունն են, որոնք գործում են մեզնից յուրաքանչյուրի մեջ և միջոցով՝ յուրաքանչյուրինս հրավիրելով Աստծո ծառայության յուրահատուկ անոթ դառնալու:
Աղոթք - Հա՛յր, շնորհակալ եմ այն պարգևների համար, որ տվել ես ինձ: Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ ընդունելու այն ուղիները, որոնց միջոցով կարող եմ սիրել և ծառայել ուրիշներին Քո Թագավորության մեջ: Ամեն:
Ի՞նչ պարգևներ է Աստված տվել ձեզ ուրիշներին ծառայելու համար: Եթե դեռ չեք բացահայտել դրանք, ապա ո՞վ կարող է օգնել ձեզ այդ որոնումների մեջ:
Աստվածաշունչը մեկ տարում | Դ Թագավորների 1-3, Ղուկաս 24.1-35