.
Ամառային փորձառական շրջան հայրենիքում՝ սփյուռքահայ երիտասարդների համար

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) նախաձեռնությամբ, ամեն տարի աշխարհի տարբեր երկրներից Հայ Ավետարանական եկեղեցիների մի խումբ երիտասարդներ այցելում են հայրենիք, որպեսզի ոչ միայն ծանոթանան Հայաստանին, AMAA-ի ծրագրերին ու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ծառայություններին, այլև անմիջական մաս կազմեն դրանց՝ ճանաչողական այցերով ու կամավորական աշխատանքներով:

Այս տարի սփյուռքահայ երիտասարդների խումբն ԱՄՆ-ից է: Փորձառական շրջանը սկսվեց հուլիսի 7-ից ու կտևի մինչև հուլիսի 19-ը: Խումբն առաջնորդում է վեր. Արա Չաքրեանը՝ տիկնոջ հետ միասին: Գրեթե 2 շաբաթվա ընթացքում սփյուռքահայ երիտասարդները կհասցնեն լինել Հայաստանի տեսարժան վայրերում՝ բացահայտելով հայրենիքը ներսից, կմասնակցեն AMAA-ի սոցիալական ծրագրերին, կծառայեն ՀԱԵ բակային ու «Շողիկ» ճամբարներում:

Մինչ այդ՝ ծրագրի մենարկը տրվեց Բաղրամյան 18-ում: Երիտասարդները եղան AMAA-ի գլխամասային գրասենյակում,  լսեցին Հայաստանի ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանին, ով ծանոթացրեց նրանց AMAA-ի առաքելությանն ու ընթացիկ նախագծերին։  Ծրագրի մասնակիցներն առիթ ունեցան լսելու նաև ՀԱԵ Քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) բաժնի տնօրեն վեր. Ավետիք Խաչատրյանին, ով հակիրճ անդրադարձավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու գործունեությանն ու ՔԴ ծառայություններին։ Խմբի ղեկավար վեր. Չաքրեանն իր շնորհակալության խոսքում նշեց, որ Հայաստանում բարեգործական ու հոգևոր լայնածավալ աշխատանքներ են տարվում, և իրենք կարճ ժամանակով այդ մեծ գործին մաս են կազմելու:

Վեր. Արա Չաքրեանն իր հերթին կիրակի օրերը կնվիրի ՀԱԵ տարբեր համայքներում Աստծո Խոսքի քարոզչությանը: Հուլիսի 7-ին նա ՀԱԵ Բաղրամյան 18-ում խոսեց Մաթևոս 27.11-23 համարների շուրջ՝ Աստծո ծրագրերի մասին: Հաջորդ կիրակի վեր. Չաքրեանը կծառայի ՀԱԵ Արմավիրի համայնքին:

Փորձառական այս շրջանը յուրահատուկ հանգրվան է սփյուռքի երիտասարդների համար՝ հայրենիքն ու իրենց ինքնությունը բացահայտելու ճանապարհին:

Նախորդ
...
X