.
ՀԱԵ հովիվները մասնակցեցին ՄԱՀԱԵՄ-ի 100-ամյակի տոնակատարությանը

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունը (ՄԱՀԱԵՄ) տոնում է հիմնադրման 100-ամյակը՝ նշանավորելով այն մի շարք միջոցառումներով: Այդ առիթով, հունիսի 27-ից հուլիսի 4-ը Բեյրութում էին նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանն ու խորհրդի անդամ վեր. Վարդան Ափինյանը:

Այցի առաջին օրը ՀԱԵ հովիվները հանդիպեցին ՄԱՀԱԵՄ-ի նախագահի տեղապահ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ վեր. Դոկ. Փոլ Հայդոսթյանի հետ, այցելեցին Հայկազյան համալսարան: Հաջորդիվ եղան Մարաշի եկեղեցում, հանդիպեցին ՄԱՀԱԵՄ-ի ատենադպիր վեր. Րաֆֆի Մսրլեանի հետ, ծանոթացան եկեղեցու և միության աշխատանքներին: Լիբանան այցի ընթացքում ՀԱԵ հովիվները նաև Բեյրութի եկեղեցիներում քարոզելու և ծառայողների հետ հանդիպելու առիթ ունեցան: Կիրակի՝ հունիսի 30-ին, վեր. Ալբերտ Փայտյանը քարոզեց Մարաշի Հայ Ավետարանական եկեղեցում, իսկ վեր. Վարդան Ափինյանը՝ Հայ Ավետարանական Առաջին եկեղեցում:

Նույն օրը երեկոյան Առաջին եկեղեցում ՀԱԵ հովիվները մասնակցեցին ՄԱՀԱԵՄ-ի 100-ամյակին նվիրված տոնական Պաշտամունքին, որի ընթացքում վեր. Ալբերտ Փայտյանը հանդես եկավ ՀԱԵ-ի անունից շնորհավորական խոսքով: Պաշտամունքին ներկա էին հյուրեր ու պատվիրակներ ոչ միայն Հայաստանից ու Միջին Արևելքից, այլև Եվրոպայից, Ավստրալիայից և Հյուսիսային Ամերիկայից՝ քաղաքական ու դիվանագիտական դեմքեր, հոգևոր և աշխարհիկ ղեկավարներ, շարքային քրիստոնյաներ: Օրվա պատգամախոսը վեր. Դոկ. Փոլ Հայդոսթյանն էր: Խոսելով Տերունական աղոթքի մասին՝ վերապատվելին կարևորեց Մաթևոսի Ավետարանում ներքին սենյակը մտնելու և դուռը փակելու հրահանգը. «Մեր ներքին սենյակն այն վայրն է, ուր հոգեշունչ հանդիպում ենք ունենում ՄԻԱԿԻ հետ, իսկ դուռը՝ լեզվի, կենցաղի, խորհուրդների, վարվեցողության ու արժեհամակարգի դաստիարակիչ զսպվածությունն է»,- նշեց վեր. Հայդոսթյանը՝ պատգամն ավարտելով հետևյալ խոսքերով. «100-ամյակի այս տոնը հայ ժողովրդի կյանքում ու Միջին Արևելյան երկրներում աննկարագրելի փոթորիկների մեջ Աստծո խաղաղությունն է: 100-ամյակի տոնը եկեղեցու միության օրինակն ու ճանապարհն է Քրիստոսով: 100-ամյակի տոնը ևս մեկ անգամ Տերունական Աղոթքի, Տերունական մթնոլորտի և մշակույթի վերականգնումն է, եկեղեցու նորոգությունն է»:

Տոնական պաշտամունքի ընթացքում միասնական փառաբանության մթնոլորտն ապահովեց «Արմիս» երգչախումբը՝ վեր. Նշան Բակալեանի գլխավորությամբ:

Հաջորդող 3 օրը նվիրված էր ՄԱՀԱԵՄ-ի 77-րդ համաժողովին, որին ներկա էին նաև ՀԱԵ հովիվները: Վեր. Ալբերտ Փայտյանը ՀԱԵ-ի անունից շնորհավորական խոսք հղեց համաժողովի պատվիրակներին, ինչպես նաև հանձնեց ՀԱԵ կողմից նախատեսված հուշանվերը: 

Ավելի վաղ ՄԱՀԱԵՄ-ին շնորհավորական նամակ-ուղերձ էր հղել նաև ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը՝ կարևորելով երկու միությունների համագործակցությունը ՀԱԵ հովիվների ակադեմիական կրթության հարցում:

Հարկ է նշել, որ ՄԱՀԱԵՄ-ն, ինչպես Միջին Արևելքի հայությունը, հարյուրից ավելի տարի սփյուռքահայության արևմտահայ մշակույթի խարիսխն ու պահապանն է: Հակառակ մինչ օրս տեղի ունեցող բազմապիսի դժվարությունների՝ ՄԱՀԱԵՄ-ը շարունակում է տեր կանգնել իր հոգևոր ու ազգային ժառանգությանը՝ հույսը Քրիստոսի վրա պահելով, հավատքով շարունակելով իր երթը, սիրով ծառայելով իր ազգին ու նպաստելով իր ապրած երկրների բարօրությանը:

Նախորդ
...
X