Ելք 23.20-26 Կիրակի | Ապրիլի 28
Ահա ես մի հրեշտակ եմ ուղարկելու քո առաջ, որպեսզի ճանապարհին պահպանի քեզ։ Ելք 23.20
ՀՐԵՇՏԱԿ ՈւՂԵԿԻՑՆԵՐ
Քանի որ բժշկական հետազոտությունները մեծ ժամանակ էին զբաղեցնում Բևի օրակարգի մեջ, նա իրեն շատ կոտրված և հոգնած էր զգում: Երբ բժիշկներն ահազանգեցին, որ այդքան հետազոտությունների պատճառը նրա օրգանիզմում քաղցկեղի առկայության կասկածն է, Բևը տագնապեց: Սակայն ամեն օր Աստված հավատարմորեն քաջալերում էր նրան Իր ներկայության և շարունակական խաղաղության խոստումներով, երբ նա աղոթքով դիմում էր Իրեն կամ կարդում Աստվածաշունչ: Նա պայքարում էր անորոշության դեմ և հաճախ սովորում էր Աստծո ուսերին դնել «ինչ կլիներ, եթե»-ն: Մի առավոտ, երբ սովորության համաձայն Աստվածաշունչ էր կարդում, Ելք 23-րդ գլխում մի հատված գրավեց Բևի ուշադրությունը, որն ապշեցրեց և հույսով լցրեց նրա սիրտը մեծ վիրահատությունից առաջ:
Աստված Մովսեսի միջոցով խոսեց Իր ժողովրդին՝ իսրայելացիներին, և տվեց Իր օրենքները՝ առաջնորդելով նրանց դեպի նոր երկիր (հ. 14-26): Բայց այս հրահանգների մեջտեղում Աստված խոստացավ իր ժողովրդին, որ հրեշտակ կուղարկի նրանց առջև, որպեսզի ճանապարհին պահպանի նրանց ու տանի Իր պատրաստած տեղը (հ. 20): Թեև սա Բևի կյանքի իրավիճակը չէր, բայց նա հիշում էր, որ հրեշտակների հոգալու մասին հիշատակվում էր նաև Սուրբ Գրքի այլ հատվածներում: Սաղմոս 91.11-ում ասվում է. «Որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհների մեջ»։ Իսկ Եբրայեցիներին ուղղված նամակում գրված է, որ Աստված հրեշտակներ է ուղարկում՝ որպես «սպասավորող հոգիներ՝ ուղարկված ծառայելու նրանց, ովքեր փրկությունը պիտի ժառանգեն» (Եբր. 1.14)։
Եթե մենք ճանաչում ենք Քրիստոսին, Նրա հրեշտակները պաշտպանում են մեզ:
Աղոթք – Սիրելի՛ Աստված, շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին ես, և հրեշտակներ ես կարգել՝ պահպանելու զավակներիդ։ Ամեն։
Ի՞նչ կարող է Աստված անել ձեզ համար Իր հրեշտակների միջոցով: Ինչպե՞ս է սա ձեզ քաջալերում:
Աստվածաշունչը մեկ տարում | Գ Թագավորների 3-5 Ղուկաս 20.1-26