Հովհաննես 14.1-7 Երկուշաբթի | Ապրիլի 15
Եվ երբ գնամ ու ձեզ համար տեղ պատրաստեմ, վերստին կգամ ու ձեզ ինձ մոտ կվերցնեմ: Հովհ. 14.3
ՏԱՆԸ՝ ՀԻՍՈւՍԻ ՄԵՋ
«Տանից լավ տեղ չկա», - ասում է Դորոթին՝ սեղմելով իր ռուբինի պես կարմրավուն հողաթափի կրունկները։ «Օզ երկրի կախարդը» ֆիլմում այս արտահայտությունը բավական էր, որպեսզի Դորոթին և Տոտոն կախարդական ճանապարհով Օզից վերադառնային Կանզասում գտնվող իրենց տուն:
Ցավոք սրտի, բոլորի համար բավականաչափ «ռուբինե» հողաթափեր չկան։ Թեև շատերը կիսում են Դորոթիի կարոտը տան հանդեպ, փափագը՝ գտնելու այդ տունը, որին պատկանում են, սակայն երբեմն ավելի հեշտ է ասել, քան անել:
Այս հեղհեղուկ, անցողիկ աշխարհում ապրելու հետևանքներից մեկն անջատվածության զգացումն է, երբ ինքներս մեզ հարց ենք տալիս, թե երբևէ կգտնե՞նք մի տեղ, որին մենք իսկապես պատկանում ենք: Այս զգացումը կարող է նաև արտացոլել ավելի խոր իրականություն, ինչպես գրել է Կ. Ս. Լեվիսը (C. S. Lewis). «Եթե ես իմ մեջ գտնեմ ցանկություն, որն այս աշխարհում ոչ մի փորձառություն չի կարող բավարարել, ամենահավանական բացատրությունն այն է, որ ես ստեղծված եմ այլ աշխարհի համար»:
Խաչին նախորդող գիշերը Հիսուսը վստահեցրեց Իր ընկերներին այս տան մասին՝ ասելով. «Իմ Հոր տանը բազում օթևաններ կան։ Եթե ոչ, ես ձեզ կասեի։ Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու» (հ. 2)։ Տուն, որտեղ մեզ ողջունում և սիրում են:
Բայց հիմա մենք էլ կարող ենք տանը լինել։ Մենք Աստծո եկեղեցու, Նրա մեծ ընտանիքի մի մասն ենք և ապրում ենք միաբանության մեջ մեր եղբայրների և քույրերի հետ Քրիստոսում: Մինչև այն օրը, երբ Հիսուսը մեզ կտանի այն տունը, որին մեր սրտերը փափագում են, մենք կարող ենք ապրել Նրա խաղաղության և ուրախության մեջ: Մենք միշտ տանն ենք Նրա հետ:
Աղոթք - Սիրո և շնորհքի Աստվա՛ծ, օգնի՛ր ինձ հույսով սպասելու միշտ Քեզ հետ տանը լինելուն՝ Քո ներկայության մեջ: Ամեն։
Ի՞նչն է մեզ տալիս տանը լինելու զգացողությունը: Ինչպես կարո՞ղ է գիտակցումը, որ Հիսուսը կառաջնորդի մեզ հավերժ Իր հետ լինելու, օգնել մեզ ապրել աստեղ՝ երկրի վրա:
Աստվածաշունչը մեկ տարում | Ա Թագավորների 27-29 Ղուկաս 13.1-22