.
2024թ., Ապրիլի 13

 

Ծնունդ 1.1-10, 30                                                                                     Շաբաթ   |   Ապրիլի 13

 

Երկիրն անձև ու դատարկ էր. և անդունդի վրա խավար էր, և Աստծու Հոգին շրջում էր ջրերի վրա: Ծննդ. 1.2

 

ԿԱՐԳՈւԿԱՆՈՆԻ ԱՍՏՎԱԾԸ

 

Սեթը խմեց ամբողջ դեղամիջոցը, որը կարող էր գտնել դեղատուփում։ Մեծանալով կոտրված ու անկարգություններով լի ընտանիքում՝ նրա կյանքը կատարյալ խառնաշփոթ էր: Նրա մայրը պարբերաբար բռնության էր ենթարկվում հոր կողմից, մինչև հայրն ինքնասպանություն գործեց։ Սեթը ցանկանում էր «պարզապես վերջ տալ իր կյանքին»: Բայց հանկարծ գլխում մի միտք ծագեց՝ որտե՞ղ կհայտնվեմ, երբ մեռնեմ։ Աստծո շնորհով Սեթն այդ օրը չմահացավ: Եվ ժամանակի ընթացքում՝ ընկերոջ հետ Աստվածաշունչն ուսումնասիրելուց հետո, նա ընդունեց Հիսուսին որպես իր Փրկիչ: Այն, ինչը Սեթին մղեց դեպի Աստված, արարչագործության գեղեցկությունն ու կարգ ու կանոնը տեսնելն էր: Նա ասաց. «Ես տեսնում եմ բաներ, որոնք պարզապես գեղեցիկ են: Ինչ-որ մեկն արարել է այս ամենը»:

Ծննդոց 1-ում մենք կարդում ենք Աստծո մասին, ով իրականում ստեղծել է ամեն բան: Եվ չնայած «Երկիրն անձև ու դատարկ էր» (հ. 2), նա ամեն բան կարգուկանոնի մեջ դրեց: Նա «լույսը բաժանեց խավարից» (հ. 4), երկիրը դրեց ծովերի մեջ (հ. 10) և ստեղծեց բույսերն ու կենդանիներին՝ ըստ իրենց «տեսակների» (հ. 11-12, 21, 24-25): Նա, ով «ստեղծեց երկինքն ու երկիրը և ամեն ինչ իր տեղում դրեց» (Եսայի 45.18), ինչպես բացահայտեց Սեթը, այսօր էլ շարունակում է խաղաղություն և կարգուկանոն հաստատել Քրիստոսին ընծայված կյանքերում:

Կյանքը կարող է քաոսային և դժվար լինել: Ամեն ժամանակ փառք տանք Աստծուն, ով «խռովության Աստված չէ, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14.33): Եկե՛ք այսօր դիմենք Նրան և խնդրենք, որ օգնի մեզ գտնել այն գեղեցկությունն ու կարգուկանոնը, որը միայն Ինքը կարող է պարգևել:

Աղոթք – Արարի՛չ Աստված, շնորհակալ եմ Քեզ խաղաղության և կարգուկանոնի համար, որ միայն Դու ես ապահովում: Կոտրված ամեն բան Քո մեջ դառնում է գեղեցիկ։ Ամեն։

 

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք քաոսային իրավիճակներում: Ինչպե՞ս կարող է Աստված օգնել կարգուկանոն և խաղաղություն հաստատել մեր կյանքերում:

 

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ա Թագավորների 22-24   Ղուկաս 12.1-31