.
ՀԱՀԽ-ի տարեկան ժողովը՝ Փարամուսում

Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի (ՀԱՀԽ) գործադիր հանձնախումբը 2017թ.-ի տարեկան ժողովը գումարեց նոյեմբերի 19-20-ը՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փարամուզ շրջանում՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնում:

Տարեկան ժողովին Խորհրդի հինգ եկեղեցական միությունները եւ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչները, այդ թվում եւ Հայաստանից, խոսեցին իրենց միությունների մասին:
Տարեկան ժողովին գործադիր հանձնախումբը մի քանի որոշումներ կայացրեց: Մասնավորապես՝ 
2018թ.-ի օգոստոսի 4-14-ը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում, Հայաստանում գումարել համայն Հայ Ավետարանական երիտասարդաց համագումար:

Հանձնախոումբը որոշեց նաեւ մասնակցել 2017թ.-ի նոյեմբերի 2-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Արեւմտյան թեմի եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության համատեղ  ճաշկերույթ-ընդունելությանը՝ ի պատիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որը պետք է տեղի ունենար  Առաջնորդարանիստում:

Հանձանխումբը քննարկեց եւ որեշց նաեւ մասնակցել 2018թ.-ին Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության 100-ամյակի հոբելյանական տոնակատարություններին: Այդ առնչութեամբ գործադիր հանձնախումբը հետեւեալ յայտարարություններն արեց:  (Հայտարարությունները ներկայացված է բնօրինակով՝ արեւմտահայերեն):

Յայտարարութիւն՝ Հայաստանի Հանրապետութեան Հարիւրամեակի Առիթով

Մայիս 28, 2018-ին հայ ժողովուրդը վերստին տիրացաւ իր անկախութեան որպէս ինքնիշխան պետութիւն, որ կորսնցուցած էր 1375 թուականին: Այսպէս, շուրջ վեց դարեր ետք, առաջին անգամ ըլլալով, հայ ժողովուրդը կը հիմնէր Հայաստանի Հանրապետութիւնը՝ տէր դառնալով իր անհատական եւ հաւաքական ճակատագրին: Իբրեւ մասնիկ մը պատմական Հայաստանի, այս փոքր հանրապետութիւնը հիմը դարձաւ արդի Հայաստանի պետութեան:

Մայիս 28, 2018 Հայաստանի անկախութեան հարիւրամեայ տարեդարձն է: Այս պատմական նշանակալից առիթով, Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդը (ՀԱՀԽ) կ'ողջունէ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հարիւրամեակը եւ կը յայտարարէ.-
1. Շարունակել իր հաստատակամ յանձնառութիւնը՝ ամրապնդելու Հայաստանի անկախ պետականութիւնը.
2. Մատուցանել իր բարոյական, հոգեւոր եւ նիւթական աչակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան.
3. Շարունակել իր աջակցութիւնը Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման աշխատանքին.
4. Նշել Հայաստանի անկախութեան հարիւրամեակը՝ հրապարակային տօնակատարութիւններով, ինչպէս նաեւ Կիրակի Մայիս 28,
2018ին ՝ Հայ Աւետարանական եկեղեցիներու մէջ տեղի ունեցող առաւօտեան պաշտամունքներու ընթացքին.
5. Ուղարկել պատուիրակութիւն մը ՀԱՀԽԻ ի կողմէ դէպի Հայաստան, 2018 Մայիս ամսուայ 28ին՝ մասնակցելու համար Հայաստանի Հանրապետութեան հարիւրամեայ տարեդարձի տօնակատարութեանց:

Յայտարարութիւն՝ Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութեան (Աւետարանչականը) Հարիւրամեայ Տարեդարձի Առիթով

Յառաջիկայ տարուան Յունիսին Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւնը պիտի նշէ իր 100րդ տարեդարձը: Հարիւրամեայ տօնակատարութիւնները արդէն սկսած են՝ հանգանակութեան արշաւներով, որոնք տեղի կ'ունենան տարբեր վայրերու մէջ: Ծրագրուած է նաեւ 2018 տարեշրջանին զանազան տօնակատարումներ տեղի ունենան Հայաստանի եւ Սփիւռքի մէջ:
Անտարակոյս աստուածային նախախնամութեան ձեռքն էր, որ առաջնորդեց խումբ մը հայ աւետարանականներ հիմնելու Աւետարանչականը Վուսթըր քաղաքի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ մէջ՝ Ամերիկայի Հայ Աւետարանական  Արեւելեան Նահանգներու Միութեան տարեկան համաժողովի ընթացքին, Յունիս 7-9, 1918 թուականին:
Շուրջ հարիւր տարիներէ իվեր Աւետարանչականը ի սպաս դրած է իր հոգեւոր, կրթական, մշակութային եւ մարդասիրական ծառայութիւնները հայ ազգին համար: Հազարաւոր մարդիկ, սերունդէ սերունդ օգտուած եւ օրհնուած են Աւետարանչականի ընձերած բարերարութիւններէն: Ներկայիս ան կը շարունակէ մնալ Սփիւռքահայ ամենէն աշխուժ ու կենսունակ կազմակերպութիւններէն մին:
Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդը որոշած է տօնել Աւետարանչականի Հարիւրամեայ Յոբելեանը հետեւեալ առաջադրութեամբ.-
1. ԶԱստուած փառաբանել Աւետարանչականի հարիւր տարուայ վկայութեան եւ ծառայութեան համար.
2. Յանձնարարել աշխարհատարած բոլոր հայ Աւետարանական եկեղեցիներուն, որ խորհրդակցաբար Աւետարանչականի Հարիւրամեայ Կեդրոնական Յանձնախումբին, տօնեն այս պատմական մղոնաքարը հետեւեալ ձեւով.-
ա. Կազմակերպել հարիւրամեայ տարեդարձի տօնակատարութիւններ համահայկական մարկարդակի վրայ՝ կրօնական եւ մշակութային յայտագիրներով:
բ. Ոգեկոչել հարիւրամեակը Կիրակի, Յունիս 10, 2018ի առաւօտեան պաշտամունքի ընթացքին:
գ. Մասնակցիլ Աւետարանչականի Հարիւրամեայ Յոբելեանի հանգանակութեան արշաւին:
3. Աղօթել առ Աստուած որ Աւետարանչականը շարունակէ մատուցանել իր հոգեւոր, կրթական, ընկերային, մշակութային եւ մարդասիրական ծառայութիւնները հայ ազգին աւելի մեծ թափով ու տարողութեամբ:

Վեր. Դոկտ. Վահան Յ. Թութիկեան
Գործադիր Տնօրէն, Հայ Աւետարանական
Համաշխարհային Խորհուրդի