Եբրայեցիներին 10.19-25 Երկուշաբթի | Ապրիլի 1
Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք: Եբր. 10.25
ՄԻԱԲԱՆ ՀԱՆԴԻՊՈւՄ ՀԻՍՈւՍՈՎ
Երբ տևական ժամանակ զգացմունքային և հոգևոր ցավի պայքարի մեջ էի՝ կապված կյանքիս դժվարին հանգամանքների հետ, հեշտությամբ կարող էի հեռանալ եկեղեցուց (երբեմն նույնիսկ մտածում էի. ինչո՞ւ անհանգստանալ): Բայց պարտավորված զգացի շարունակել ամեն կիրակի եկեղեցի հաճախել:
Թեև տարիներ շարունակ իմ վիճակը մնաց նույնը, սակայն հավատակիցների հետ պաշտամունքների, աղոթքի հանդիպումների և Աստվածաշնչի սերտողության ժամանակ հավաքվելն ու երկրպագելն ինձ քաջալերեցին՝ համբերելու և հույսով ապրելու համար: Եվ հաճախ ես ոչ միայն ոգևորող ուղերձ կամ ուսուցում էի լսում, այլև մխիթարություն, լսող ականջ կամ գրկախառնություն էի ստանում ուրիշներից:
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը գրել է. «Եվ մեր մեկտեղ հավաքվելը զանց չառնենք, ինչպես ոմանց սովորությունն է, այլ միմյանց քաջալերենք» (հ․ 25): Հեղինակը գիտեր, որ երբ մենք բախվում ենք դժվարությունների և փորձությունների, ուրիշների աջակցության և քաջալերանքի կարիքն ենք ունենում, իսկ ուրիշները՝ մեր: Այսպիսով, Պողոս առաքյալը հիշեցնում է ընթերցողներին «անդրադառնալ մեր դավանած հույսին» և մտածել, թե ինչպես «մղել միմյանց սիրո և բարի գործերի» (հ. 23-24): Դա քաջալերանքի մեծ մասն է: Ահա թե ինչու Աստված քաջալերում է մեզ՝ շարունակել մեկտեղ հավաքվելը: Ինչ-որ մեկը կարող է ձեր սիրալիր քաջալերանքի կարիքն ունենալ, և ձեզ կարող է զարմացնել, թե փոխարենը ձեզ ինչ կտրվի։
Աղոթք – Սիրելի՛ Աստված, խնդրում եմ՝ օգնի՜ր ինձ չհրաժարվել հավատացյալների հետ մեկտեղ հավաքվելուց, այլ միաբանության մեջ զգալ Քո խաղաղությունն ու սերը: Ամեն։
Երբ պաշտամունքից հետո քաջալերված դուրս ես գալիս եկեղեցուց, դու էլ քաջալերի՛ր և խրախուսի՛ր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 13-15 Ղուկաս 6.27-49