Ա Պետրոս 3. 13-18 Ուրբաթ | Մարտի 29
Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար` անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև Նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, Նրան կենդանի պահեց։ Ա Պետրոս 3.18
ՀԻՍՈւ՛ՍՆ Է ՄԵԶ «ՓՈԽԱՐԻՆՈՂԸ»
Քսանամյա մի մեծահարուստ, երբ ընկերների հետ մասնակցում էր ավտոմեքենաների մրցավազքին, անզգուշորեն հարվածեց ու սպանեց ճանապարհի եզրով քայլող մի հետիոտնի։ Թեև երիտասարդը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման, ոմանք կարծում էին, որ դատարան ներկայացած երիտասարդը և բանտարկության պատիժը կրողը վարձած փոխարինող էր հանցագործություն կատարած վարորդի համար։ Հայտնի է, որ նմանատիպ դեպքեր տեղի են ունենում որոշ երկրներում, ուր մարդիկ վարձում են իրենց փոխարինող «կրկնօրինակներ», որպեսզի խուսափեն իրենց հանցագործության համար վճարելուց։
Սա կարող է զայրացնել մեզ, բայց ավելի քան երկու հազար տարի առաջ Հիսուսն էլ մեզ համար դարձավ «փոխարինող» և «մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, Արդարը` անարդարների համար (h. 18)։ Այդպես մենք սրբվեցինք Հիսուս Քրիստոսի մարմնի ընծայաբերմամբ (Եբր. 10.10), որ արվեց բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Իրեն։ Նա խաչին Իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերի պատիժը։ Ի տարբերություն այսօրվա այն մարդկանց, որ ընտրվում են փոխարինելու հանցագործին` որոշ գումարի դիմաց, Քրիստոսի փոխարինող մահը խաչի վրա «հույս» տվեց մեզ, քանի որ Նա իր կյանքը տվեց մեզ համար (Ա Պետրոս 3.15, 18, Հովհ. 10.15)։ Նա դա արեց Աստծո և մեր միջև անդունդը կամրջելու համար։
Միա՛յն Հիսուսի մահով մենք` կարիքի մեջ գտնվող մեղավորներս, մեզ սիրող Աստծո հետ փոխհարաբերություն և ամբողջական հոգևոր մոտեցում կարող ենք ունենալ։
Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ մեռար իմ փոխարեն, որպեսզի կարողանամ մոտենալ Աստծուն։ Ամեն։
Քրիստոսի փոխարինող մահը փոխում է մեր կյանքը. մեզ տալիս է ազատություն և հավիտենական կյանքի հնարավորություն` խաչի վրա՝ Իր մահով։
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 7-8 Ղուկաս 5. 1-16