Մարկոս 11. 10-12 Չորեքշաբթի | Մարտի 27
Հեռվից տերևաշատ մի թզենի տեսնելով` մոտեցավ, որ նրա վրա որևէ մի բան գտնի։ Մարկ. 11.13
ՊՏՂԱԲԵՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ ՔՐԻՍՏՈՍՈՎ
Սինդին ոգևորված էր ոչ առևտրային ընկերությունում իր նոր աշխատանքի համար: Դա մեծ հնարավորություն էր փոփոխություն բերելու իր կյանքի մեջ։ Սակայն նա շուտով պարզեց, որ գործընկերները չեն կիսում իր ոգևորությունը: Նրանք ծաղրում էին ընկերության առաքելությունը և արդարացումներ էին բերում իրենց վատ աշխատելու համար, քանի որ այլուր փնտրում էին ավելի շահավետ պաշտոններ: Սինդին կցանկանար, որ ինքը երբեք այս աշխատանքի համար դիմած չլիներ։ Այն, ինչ հեռվից հիանալի էր թվում, մոտիկից հիասթափեցնող էր:
Այս նույն խնդիրն այսօրվա պատմության մեջ Հիսուսի կողմից հիշատակված թզենու պարագայում էր (h. 13)։ Գարնան սկիզբն էր, թվում էր՝ ծառի տերևներն ազդարարում էին, որ այն կարող էր ունենալ վաղահաս թուզ։ Սակայն, ո՛չ։ Ծառը տերևակալել էր, բայց դեռևս պտուղ չէր տվել։ Հիասթափված՝ Հիսուսն անիծեց ծառը. «Թող ոչ ոք այլևս քեզանից պտուղ չուտի հավիտյան (հ. 14)։ Առավոտյան նույն տեղով անցնելիս տեսան այն թզենին` արմատից չորացած» (հ. 20)։
Քրիստոսը մի անգամ քառասուն օր ծոմ պահեց, ուստի նա գիտեր, թե ինչպես պետք է դիմանար առանց ուտելիքի։ Թզենուն անիծելն Իր ախորժակի հետ կապ չուներ։ Դա խորհրդանշական դաս էր։ Ծառը մարմնավորում էր Իսրայելը, որ ուներ ճշմարիտ կրոնի նշանները, բայց կորցրել էր իր իմաստը։ Նրանք պատրաստվում էին սպանել իրենց Մեսիային` Աստծո Որդուն։ Որքա՜ն ավելի անպտուղ կարող էին լինել։
Հեռվից կարող ենք լավ տեսք ունենալ, բայց Հիսուսը մոտենում է` պտուղ փնտրելով, որը միայն Նրա Հոգին կարող է տալ։ Մեր բերած պտուղը տպավորիչ լինելու պայման չէ։ Սակայն դա պետք է լինի գերբնական, ինչպիսին է սերը, ուրախությունը և խաղաղությունը դժվար ժամանակներում։ Ապավինելով Հոգուն՝ կարող ենք պտուղ տալ Հիսուսի համար։
Աղոթք – Սու՛րբ Հոգի, փշրի՛ր ինձ, որպեսզի ավելի շատ պտուղ տամ։ Ամեն։
Ի՞նչ տեսակ պտուղ են տեսնում ուրիշները մեր մեջ։ Ինչպե՞ս կարող ենք ավելի արդյունավետ լինել։
Աստվածաշունչը մեկ տարում | Դատավորներ 1-3 Ղուկաս 4. 1-30