Եսայի 58.6-12 Հինգշաբթի | Մարտի 21
Եթե կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ։ Եսայի 58.10
ՕԳՆԵԼ, ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾ Է ՕԳՆՈւՄ ՄԵԶ
Կոպենհագենցի Օլե Կասոյը սիրում էր հեծանիվ վարել։ Մի առավոտ նա հանդիպեց տարեց մարդու, ով միայնակ նստած էր զբոսայգում` քայլակը կողքին։ Օլեն ներշնչվեց պարզ գաղափարով։ Ինչու՞ չառաջարկել տարեցներին հեծանիվով զբոսնելու ուրախությունն ու ազատությունը։
Արևոտ մի օր եռանիվ հեծանիվով ծերանոց եկավ և առաջարկեց իր հետ զբոսանքի տանել որևէ մեկին։ Շատ ուրախացավ, երբ անձնակազմից մի անդամ և տարեց մի բնակիչ դարձան «Առանց տարիքի հեծանվավազք»-ի առաջին հեծանվորդները։
Այժմ՝ ավելի քան քսան տարի հետո, Օլեի երազանքը՝ օգնել նրանց, ովքեր հեծանվավազքի կարոտ ունեին, մոտ 57500 տարեց մարդու համար օրհնություն է դարձել՝ 2,5 միլիոն հեծանիվի պտույտներով։ Ո՞ւր էին գնում. ընկեր տեսնելու, պաղպաղակ վայելելու, «հովն իրենց մազերի մեջ զգալու»։ Մասնակիցներն ասում էին, որ ավելի լավ են քնում, ավելի լավ են սնվում և ավելի քիչ են իրենց միայնակ զգում։
Նման պարգևը կյանքի է կոչում Աստծո գեղեցիկ խոսքերը` ուղղված իր ժողովրդին` Եսայի 58.10-11-ի մեջ։ Նա ասում է. «Եթե կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ լույս կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես»։ Աստված խոստացավ. «Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի» (h. 11)։
Աստված ասաց իր ժողովրդին. «Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները» (հ. 12)։ Ի՞նչ կարող է անել Նա մեր միջոցով։ Երբ Նա մեզ օգնում է, մենք էլ պատրաստ լինենք օգնել ուրիշներին։
Աղոթք - Հա՜յր, ցու՛յց տուր ինձ ուրիշներին օգնելու միջոց, որ նրանք կարողանան կյանք գտնել Քո մեջ։ Ամեն։
Քո քաղաքում կամ շրջանում ո՞վ օգնության կարիք ունի։ Ի՞նչ պարզ օգնություն կարող ես առաջարկել նրանց։
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 7-9, Ղուկաս 1.21-38