Սաղմոս 40.1-5 Չորեքշաբթի | Մարտի 20
Երանի այն մարդուն, որ իր հույսը դարձնում է Տիրոջը։ Սաղմ. 40.4
ՈւՐԱԽ ՎՍՏԱՀՈւԹՅՈւՆ
Մի կին Ռուդիին փրկեց կենդանիների կացարանից օրեր առաջ, երբ նա պետք է էվթանազիայի ենթարկվեր, և շունը դարձավ նրա ուղեկիցը: Տասը տարի Ռուդին հանգիստ քնում էր Լինդայի մահճակալի կողքին, բայց հետո հանկարծ սկսեց ցատկել նրա անկողնուն և լիզել նրա դեմքը։ Լինդան նախատում էր նրան, բայց ամեն գիշեր Ռուդին կրկնում էր նույնը։ Լինդան ասում էր. «Ամեն անգամ, երբ նստում եմ, նա ցատկում է գիրկս, որպեսզի երեսս լիզի»։
Երբ նա պատրաստվում էր Ռուդիին տանել հնազանդության դպրոց, սկսեց մտածել, թե որքան համառ է շունը և ինչու է միշտ լիզում ծնոտի նույն տեղը։ Լինդան մտավախությամբ գնաց բժշկի մոտ, և նրա ծնոտի վրա հայտնաբերվեց շատ փոքր ուռուցք։ Բժիշկը Լինդային ասաց, որ եթե ավելի ուշ գար, հնարավոր է`ուռուցքը սպաներ իրեն։ Լինդան վստահեց Ռուդիի բնազդին և ուրախ էր, որ վստահեց։
Սուրբ Գրությունները մեզ բազմիցս ասում են, որ Աստծուն վստահելը դեպի կյանք և ուրախություն է տանում. «Երանի այն մարդուն, որ իր հույսը դարձնում է Տիրոջը» (h. 4): Որոշ թարգմանություններ ավելի ցայտուն են դարձնում միտքը. «Երջանիկ են նրանք, որոնք Տիրոջն են ապավինում» (հ. 4)։ Սաղմոսների մեջ նշված ուրախությունն ազատություն է հաղորդում՝ ժայթքող, կատարյալ ուրախություն։
Երբ մենք վստահում ենք Տիրոջը, վերջնարդյունքն իսկական երջանկությունն է։ Այդ վստահությունը կարող է հեշտությամբ չտրվել, և արդյունքները, հանարավոր է, մեր պատկերացրածը չլինեն։ Բայց եթե մենք վստահենք Աստծուն, շատ երջանիկ կլինենք։
Աղոթք - Սիրելի՛ Աստված, այնպիսի երջանկություն եմ ուզում, որ միայն Դու կարող ես տալ։ Հաճախ դժվար է վստահելը, բայց խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ։ Ամեն։
Ի՞նչն է խանգարում քեզ վստահել Աստծուն։ Ինչպե՞ս է փոխվում ամեն ինչ, երբ սկսում ես իսկապես հավատալ։ Նրան վստահելը քեզ տանում է դեպի երջանկություն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հեսու 4-6, Ղուկաս 1.1-20