Սաղմոս 104. 24-35 Կիրակի | Մարտի 10
Որքան մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել։ Սաղմ. 104.24
ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ ՆՐԱՆՑ ԲՈԼՈՐԻՆ
Երեք տարեկան տղաս` Խավիերը, սեղմեց ձեռքս, երբ մտանք Կալիֆորնիայի «Մոնթրե Ծոց» ձկնարանը։ Տեսնելով և ցույց տալով առաստաղից կախված սապատավոր կետաձկան քանդակը` ասաց. «Հսկայակա՜ն է»։ Լայն բացած աչքերով փոքրիկի ուրախությունը շարունակվեց մինչև յուրաքանչյուր ցուցանմուշի ուսումնասիրության վերջը։ Ծիծաղեցինք, երբ ջրասամույրները ցատկում էին և ցողում էին կերակրման ժամանակ։ Մենք լուռ կանգնեցինք ձկնարանի մեծ ապակու պատուհանի առջև`հմայված ոսկեշագանակագույն ծովամայրով, որը պարում էր էլեկտրական կապույտ ջրի մեջ։ Ես ասացի. «Աստված ստեղծեց օվկիանոսի բոլոր արարածներին ճի՜շտ այնպես, ինչպես Նա ստեղծեց ինձ և քեզ»։ Խավիերը փսփսաց. «Վա՜ու»։
Սաղմոս 104-ի մեջ սաղմոսերգուն ընդունեց Աստծո առատ ստեղծագործությունը և երգեց. «Դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է Քո ստեղծածներով» (հ. 24)։ Նա հայտարարեց. «Այս ծովը մեծ է ու լայն. անթիվ են այն լողացողները` փոքր կենդանիները մեծերի հետ» (հ. 25)։ Նա հռչակեց Աստծո առատաձեռն և գոհացուցիչ նախաձեռնությունն այն ամենի համար, որ Ինքն է ստեղծել (հ. 27-28): Նա նաև հաստատեց, որ Աստված է որոշել յուրաքանչյուրի գոյության օրերը (հ. 29-30):
Մենք կարող ենք միանալ սաղմոսերգուին` երգելով այս նվիրվածության հռչակագիրը. «Ես Տիրոջը պիտի օրհնեմ իմ կյանքում, քանի կամ, պիտի սաղմոս ասեմ իմ Աստծուն (հմ. 33)։ Յուրաքանչյուր արարած կարող է մեզ տանել գովաբանության, քանի որ Աստված է ստեղծել նրանց բոլորին։
Աղոթք - Ամենահզո՜ր Արարիչ և բոլորի Պահապա՛ն, Դու արժանի ես իմ ողջ գովասանքին։ Ամեն։
Աստծո ստեղծած հրաշալի աշխարհն ուսումնասիրելը ստիպում է մեզ փառաբանել Նրան, որովհետև Նրա ստեղծագործությունը խորացնում է մեր հավատքն Իր զորության և տված ապահովության համար։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Օրենք 11-13, Մարկոս 12.1-27