.
«Բերքի տոն»-ը Հայաստանի եվ Արցախի ՀԱԵ-ներում

Հոկտեմբերի 15-ին, Գորիսի Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցում տեղի ունեցավ «Ոսկե Աշուն» շնորհակալության տոնը, որին մասնակցեցին կիրակնօրյա դպրոցի 120 մանուկներ և 45 պատանիներ: Ծրագրի նպատակն էր՝ մասնակիցներին սովորեցնել, որ գոհանան ունեցածի համար և այն բաժնեկցեն մյուսների հետ, այդ կերպ արտահայտելով իրենց  սերը Աստծո և միմյանց նկատմամբ: Օրվա հորդորը Սաղմոս 55:22-ն էր. «Հոգսդ գցիր  ՏԵՐՈՋ վրա ու նա քեզ կխնամի…»: Երեխաներն իրենց հետ բերել էին գեղեցիկ ձևավորված մրգերով լի զամբյուղներ: Այդ մրգերի մի մասը հյուրասիրեցին միջոցառման բոլոր մասնակիցներին,իսկ մյուս մասից պատրաստվեցին հյութեր և տրվեցին կրթական կենտրոն հաճախող երեխաներին: Երեխաները երգեցին փառաբանության երգեր, խաղացին, լսեցին Աստվածաշնչի պատմություն՝ օրվա խորհուրդով:

Մի շատ հիշարժան դրվագ եղավ, որը մեծ տպավորություն թողեց: Ամեն տարի, նմանատիպ տոների ժամանակ, երեխաներին, բերված զամբյուղների դիմաց, փոքրիկ մրցանակներ էին տրվում: Այս տարի որոշվեց որևէ մրցանակ չհատկացնել, անգամ լավագույն ձևավորում ունեցող զամբյուղ անվանակարգում: Նպատակը երեխաներին սովորեցնելն էր, որ լավագույն նվերը այն  է, որն առանց ակնկալիքի է: Երբ այդ մասին հայտարարվեց ու բացատրվեց երեխաներին, կիրակնօրյա դպրոցի մանուկներից մեկը ոտքի կանգնեց  և ասաց.

«Կիրակնօրյա դպրոցը, որտեղ մենք լսում ենք Աստծո մասին և ճանաչում Նրան, արդեն իսկ մեծագույն նվերն է բոլոր մանուկներին և որևէ առարկայական նվերի կարիք չկա»:

Մենք փառք ենք տալիս Աստծուն բոլոր այն հնարավորությունների համար, որ ունենք Ավետարանի բարի լուրը բաժնեկցելու մեջ: Փառք ենք տալիս Աստծուն բոլոր պտուղների համար, թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական:

Գորիսի ՀԱԵ Քրիստոնեական Դաստիարակության բաժին

 
Նույն օրը «Ոսկի աշուն» միջոցառում էին կազմակերպել նաեւ Իջեւանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մանկապատանեկան խմբերը: Միասնական պաշտամունքին ներկա էին նաեւ Ազատամուտի եւ Բերդի մանուկներն ու պատանիները:
Միջոցառումը սկսվեց վերապատվելի Ալբերտ Փայտյանի ողջույնի խոսքով, եւ շարունակվեց հետաքրքիր ծրագրով՝ համեմված ազգագրական պարերով, երգերով, ներկայացումներով եւ խաղերով՝ մասնակիցների կատարմամբ: Տեղի ունեցավ նաեւ աշնանային զամբյուղների մրցույթ, որոնք պատրաստել էին մանուկները. հաղթողները պարգևատրվեցին նվերներով:
Հագեցած միջոցառումից հետո եղավ հյուրասիրություն, որի ընթացքում մանուկներն ու պատանիները խոսեցին նաեւ  վատ և լավ սովորությունների մասին:
 

Հոկտեմբերի 15-ին Դիլիջանի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կիրակնօրյա դպրոցի ծառայողները և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Դիլիջանի գրասենյակի ցերեկային կենտրոնի ուսուցիչները համատեղ կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված բերքի տոնին, որի խորագիրն էր «Աշնան անձրևը երկիրը ծածկում է օրհնությունով»։ 

   Միջոցառմանը մասնակցեց 25 երեխա, հրավիրված էին նաեւ երեխաների ծնողները, ցերեկային կենտրոնի և կիրակնօրյա դպրոցի մյուս սաները։ 

Տոնակտարության ընթացքում մանուկները արտասանեցին Վահան Տերյանի և Հովհաննես Թումանյանի աշնանը նվիրված ստեղծագործությունները։  Երեխաները հանդես եկան նաեւ բերքահավաքին նվիրված թատերական ներկայացմամբ։
  Կազմակերպվել էր նաև Մաքրամեի և նկարչության խմբակի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։ Երեխաները աշնանային վառ ու գունեղ տերևներից պատրաստել էին կենդանիների պատկերներ։ 

Միջոցառման ավարտին ներկաները օգտվեցին աշնան բերք ու բարիքից ՝ գոհանալով Աստծուց։ 

ՀԱԵ ՔԴ բաժին:

Հոկտեմբերի 14-15-ը բերքի եւ շնորհակալության տոն էր նաեւ Արցախի ՀԱԵ մանուկների, պատանիների եւ երիտասարդների համար: Ասկերանում, Շուշիում եւ Ստեփանակերտում ՀԱԵ կիրակնօրյա դպրոցի սաները յուրահատուկ, անակնկալներով հարուստ պաշտամունքից հետո հնարավորություն ունեցան իրենց ձեռքով պատրաստված զամբյուղները, բերքն ու բարիքը բաժնեկցել մյուսների հետ: Ասկերանում, մոտ 70 մանուկ եւ պատանի, տոնական միջոցառումից հետո, տունդարձի ճանապարհին, անցորդներին միրգ հուրասիրեցին: Շուշիում՝ 65 մանուկ եւ պատանի, այցելեցին մոտակա զորամասերից մեկը, եւ զինվորների համար բաժին հանեցին իրենց բերք ու բարիքից, այդ կերպ շնորհավորեցին նրանց բերքի տոնն ու իրենց երախտիքի խոսքերը հայտնեցին մեր սահմանները պահող տղաներին: Ստեփանակերտի ՀԱԵ-ում կազմակերպված բերքի տոնին մասնակցում էին մոտ 80 մանուկ, գրեթե 60 պատանի եւ երիտասարդ, նույնքան էլ մեծահասակ: Տոնական պաշտամունքից հետո երեխաներն այցելեցին ծերատուն, հյուրասիրեցին իրենց պատրաստած մրգերով առատ զամբյուղներից, մի քանի երգեր երգեցին և շնորհավորեցին ծերատան բնակիչներին, ովքեր անակնկալի էին եկել երեխաների այցելությունից եւ չափազանց տպավորված էին, իրենց գնահատված եւ կարեւորված էին զգում:

Նույն օրերին «գոհության տոն» էր նաեւ Սիսիանի ՀԱԵ-ի մանուկների, պատանիների և Չափահասների համար: Աշնան բերք ու բարիքով լի զամբյուղներ, երգ, պար, ասմունք եւ բեմադրություն, խաղեր ու այլ անակնկալներ, մի խոսքով` տոնական տրամադրություն էր տիրում եկեղեցում: Յուրահատուկ էր նաեւ պատանյացի տոնական ծրագիրը, խաղերից ու զվարճանքներից առավել, պատանիները միասնաբար փառաբանեցին Աստծուն, եւ Սուրբգրային պատգամ լսեցին: Բոլոր ծրագրերի ավարտին, բերված մրգերը հյուրասիրվեցին ներկաներին։ Հրաշալի, օրհնաբեր օր էր, որի ընթացքում ամեն գոհություն և փառք Աստծուն էր ուղղված։

Կապանի  ՀԱԵ -ում   «Ոսկե  աշուն»  տոնահանդեսը նշեցին հոկտեմբերի 29-ին,  որին  մասնակցեցին  կիրակնօրյա  դպրոցի  սաներն  ու  նրանց  ծնողները: Երեխաները  փառաբանեցին   Տիրոջը,  գոհունակություն  հայտնեցին  առատ  բերք  ու  բարիքի  համար  և  իրենց  պատրաստած  զամբյուղների  պտուղները  հյուրասիրեցին  բոլոր  ներկաներին: Բեմադրվեց   «Ճպուռն  ու  մրջյունը»  , այս  ստեղծագործության   ամբողջ  իմաստը   ամփոփվեց  Առակաց  6:6-8  համարներով  և  նպատակ  ուներ   երեխաների  մեջ  աշխատասիրություն  սերմանել:Երեխաները  ներկայացրին  իրենց  ստեղծագործական  աշխատանքները՝  «Ոսկե  աշուն»  թեմայով  նկարները:

Նախորդ
...
X