Մարկոս 9.14-24 Չորեքշաբթի | Փետրվարի 28
Այդժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը։ Մարկ. 9.24
ՕԳՆԻ՛Ր ԻՄ ԱՆՀԱՎԱՏՈւԹՅԱՆԸ
«Ո՞ւր է հավատքս։ Նույնիսկ հոգուս խորքում ոչինչ չկա՝ դատարկությունից և խավարից բացի։ ... Եթե Աստված կա, խնդրում եմ`թող ների ինձ»։ Այս խոսքերի հեղինակը՝ Մայր Թերեզան, կարող է զարմացնել ձեզ։ Նա սիրված և ճանաչված էր` որպես Հնդկաստանի Կալկաթա քաղաքի աղքատների անխոնջ ծառա։ Մայր Թերեզան հինգ տասնամյակ շարունակ հուսահատ պատերազմ մղեց իր հավատքի համար: 1997 թվականին նրա մահից հետո այս պայքարն ի հայտ եկավ, երբ նրա օրագրից հատվածներ տպագրվեցին «Արի՛, եղի՛ր իմ լույսը» գրքում։
Ի՞նչ ենք անենք մեր կյանքից Աստծո բացակայության կասկածների կամ զգացմունքների հետ։ Այդ պահերը կարող են ավելի շատ անհանգստացնել որոշ հավատացյալների, քան մյուսներին։ Բայց Հիսուսի շատ հավատարիմ հավատացյալներ իրենց կյանքի ինչ-որ փուլերում կարող են նման կասկածի պահեր կամ ապրումներ ունենալ: Ես շնորհակալ եմ, որ Սուրբ Գիրքը մեզ տվել է գեղեցիկ, հակասական մի աղոթք, որ արտահայտում է թե՛ հավատք, և թե՛ կասկածամտություն։ Մարկոս 9-ի մեջ Հիսուսը հանդիպում է մի մարդու, ում որդին մանկությունից ի վեր դիվային տանջանքների էր ենթարկվում (հ. 21)։ Երբ Հիսուսն ասաց, որ մարդը պետք է հավատք ունենա, որովհետև «եթե հավատաս, հավատացողի համար ամեն ինչ հնարավոր է» (հ. 23), մարդը պատասխանեց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (հ. 24)։
Այս ազնիվ, սրտառուչ խնդրանքը քաջալերում է մեզ կասկածի դեմ պայքարում, որ Աստծուն վստահենք, Ով կարող է ամրապնդել մեր հավատքը և ամուր բռնել մեզ, երբ անցնում ենք ամենախոր և ամենամութ հովիտներով։
Աղոթք - Հա՜յր, երբեմն կասկածում եմ։ Խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, երբ դժվարանում եմ Քո ներկայությունը զգալ։ Ամեն։
Երբեմն պայքարում ենք մեր հոգևոր կյանքում, սակայն կարող ենք Աստծուն և Իր Խոսքին մոտենալ, որպեսզի հաղթահարենք այդ մութ պահերը։
Աստվածաշունչը մեկ տարում | Թվեր 20-22, Մարկոս 7. 1-13