.
2024թ., Փետրվարի 22

 

Կողոսացիներին 3.8-17                                                              Հինգշաբթի   |   Փետրվարի 22

Հագե՛ք գութ, ողորմություն։ Կողոս. 3.12

 

ՀԻՍՈւՍԻ ԿՈՇԻԿՆԵՐՈՎ ՔԱՅԼԵԼ

 

Ինչպե՞ս կլինի քայլելը թագավորական կոշիկներով: Անժելա Քելլին՝ նավահանգստի աշխատողի և բուժքրոջ դուստրն էր: Նա վերջին երկու տասնամյակների ընթացքում եղել էր հանգուցյալ Էլիզաբեթ թագուհու պաշտոնական հանդերձների պատասխանատուն: Նրա պարտականություններից մեկն էր նաև հագնել տարիքն առած թագուհու նոր կոշիկներն ու շրջել պալատում: Դրա պատճառը մեկն էր. կարեկցանք տարեց կնոջ հանդեպ, որից երբեմն պահանջվում էր արարողությունների ժամանակ ոտքերի վրա երկար կանգնել: Քանի որ նրանց ոտքի չափը նույնն էր, Քելլին կարողանում էր ազատել թագուհուն որոշ անհանգստությունից՝ նրա նոր կոշիկները հագնելով և հարմարավետ դարձնելով:

Էլիզաբեթ թագուհու հանդեպ Քելլիի անձնական շփումն ու հոգատարությունն ինձ ստիպեց մտածել Կողոսիայում (ներկայիս Թուրքիայի տարածաշրջանում) գտնվող եկեղեցուն ուղղված Պողոսի ջերմ խրախուսանքի մասին. «Ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն» (հ․ 12): Երբ մեր կյանքերը  «շինվեն Նրա վրա» (Կող. 2.7), մենք կլինենք «Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ» (հ․ 12): Նա կօգնի մեզ հանել մեր «հին մարդը» և «հագնել նորը» (հմ. 9-10)՝ ապրելով նրանց ինքնությունը, որոնք սիրում և ներում են ուրիշներին, քանի որ Աստված է սիրել ու ներել մեզ (հ. 13-14):

Մեր շուրջը կան մարդիկ, ովքեր կարիք ունեն, որ մենք «քայլենք իրենց կոշիկներով» և կարեկցանք ցուցաբերենք նրանց հանդեպ՝ կյանքի առօրյա մարտահրավերների մեջ: Երբ դա անում ենք, մենք քայլում ենք խոնարհ թագավորի` Հիսուսի կոշիկներով, ով միշտ կարեկցում է մեզ:

Աղոթք - Տե՛ր, շնորհակալություն Քո ներման և սիրո համար: Օգնի՛ր ինձ, որ ներողամտություն և սեր ցուցաբերեմ ուրիշների հանդեպ: Ամեն:

 

Աստված միշտ կարեկցում է մեզ: Կարո՞ղ ենք այսօր ցույց տալ Իր սերը:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Թվեր 4-6, Մարկոս 4.1-20