.
2024թ., Փետրվարի 20

 

Սաղմոս 13                                                                                   Երեքշաբթի   |   Փետրվարի 20

 

Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու Քո երեսն ինձնից։ Սաղմոս 13.1

 

ԱՍՏԾՈ ԻՄԱՍՏՈւՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Միացյալ Թագավորությունը (United Kingdom) լեցուն է պատմությամբ: Ուր որ գնաս, կարող ես տեսնել պատմական գործիչների պատվին հուշատախտակներ կամ ոգեկոչման վայրեր, որտեղ կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել: Բայց այդպիսի նշաններից մեկը ցույց է տալիս բրիտանական հումորի զգացումը: Անգլիայի Սենդվիչ քաղաքում տնից դուրս գտնվող «անկողին և նախաճաշ» (bed and breakfast) հուշատախտակի վրա գրված է. «Այստեղ 1782 թ. սեպտեմբերի 5-ին ոչինչ չի պատահել»:

Երբեմն մեզ թվում է, թե մեր աղոթքների արդյունքում ոչինչ չի կատարվում: Մենք աղոթում ենք, աղոթում՝ մեր խնդրանքները բերելով Հորը՝ ակնկալելով, որ Նա պատասխանի հենց հիմա: Սաղմոսերգու Դավիթը նման հուսախաբություն արտահայտեց. «Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ ես մոռանալու ինձ բոլորովին, մինչև ե՞րբ ես թաքցնելու Քո երեսն ինձնից» (հ. 1): Մենք հեշտությամբ կարող ենք կրկնել այդ նույն մտքերը. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, ե՞րբ պիտի պատասխանես»: Սակայն մեր Աստված ոչ միայն կատարյալ է Իր իմաստությամբ, այլև Իր ժամանակներով: Դավիթը կարողացավ ասել. «Բայց ես հույսս դրել եմ Քո ողորմության վրա. իմ սիրտը պիտի ցնծա Քո փրկությամբ» (հ. 5): Ժողովող 3.11-ը մեզ հիշեցնում է. «Նա ամեն բան գեղեցիկ է արել իր ժամանակին»: «Գեղեցիկ» բառը նշանակում է «համապատասխան», «հարմար» կամ «հաճության աղբյուր»: Աստված միշտ չէ՛, որ պատասխանում է մեր աղոթքներին, երբ մենք ցանկանում ենք, բայց Նա միշտ իրականացնում է Իր իմաստուն նպատակները: Մենք կարող ենք համոզված լինել, որ երբ Նա պատասխանում է, դա մեզ համար բարին է, գեղեցիկն ու կատարյալը:

Աղոթք - Սիրո՛ղ Աստված, խնդրում եմ՝ օգնի՛ր ինձ, որ սովորեմ և համբերությամբ աղոթքի մեջ լինեմ՝ Քեզ վստահելով: Ամեն:

 

Երբեմն անդադար ու Հիսուսի անունով աղոթում ենք, սակայն մտածում ենք, որ գուցե Աստված անտեսում է մեր խնդրանքները: Սպասման ժամանակ դասեր ենք սովորում:

 

 

 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Ղևտական 26-27, Մարկոս 2