Առակներ 11.24-25 Շաբաթ | Փետրվարի 3
Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է: Առ. 11.24
ՍԻՐՈՎ ՕԺՏՎԱԾ
Իր հարսանիքի օրը Քվենտլին Ստալգիսը (Gwendolyn Stulgis) հագավ իր երազած հարսանեկան զգեստը։ Հետո այն նվիրեց մի անծանոթի։ Ստալգիսը համոզված էր, որ զգեստը նվիրելն ավելի ճիշտ է, քան թե զգեստապահարանում պահելը։ Ուրիշ հարսներ նույնպես համամիտ էին։ Այժմ բազմաթիվ կանայք սոցցանցերի միջոցով նվիրում կամ ստանում են հարսանեկան զգեստներ։ Նվիրողներից մեկն ասում է. «Հույս ունեմ, որ այս զգեստը կփոխանցվի մի հարսից մյուսին, պարզապես կմաշվի, կհնանա՝ հասնելով իր կյանքի վախճանին` դառնալով այն բոլոր տոնակատարությունների կարևոր մասնիկը, որոնց մեջ մասնակցություն կունենա»։ Իսկապես, տալու, նվիրելու հոգին որպես տոնակատարություն է հասկացվում։ Ինչպես գրված է. «Մարդ կա, որ իր ստացվածքը ցրելով ավելացնում է, մարդ էլ կա, որ չափից ավելի է խնայում, բայց կարոտության է հասնում։ Բարերար անձը կպարարտանա, և նա, ով ոռոգում է, ինքն էլ կոռոգվի» (հ. 24-25):
Պողոս առաքյալը սովորեցրեց այս սկզբունքը Նոր Կտակարանի մեջ։ Երբ հրաժեշտ էր տալիս Եփեսոսի հավատացյալներին, նա օրհնություն տվեց նրանց (Գործք. 20.32) և հիշեցրեց առատաձեռնության կարևորության մասին։ Պողոսը՝ որպես օրինակ, մատնանշեց իր աշխատանքային բարոյագիտությունը, որ հետևեն։ Նա ասաց. «Ամեն բան ձեզ ցույց տվեցի, որ այսպես պետք է աշխատել և հոգ տանել տկարներին ու Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. «Ավելի երանելի է տալը, քան՝ ստանալը»» (հ. 35)։ Առատաձեռն լինելն արտացոլում է Աստծուն։ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց» (Հովհ. 3.16)։ Եկե՛ք հետևենք նրա փառավոր օրինակին, երբ Նա առաջնորդում է մեզ։
Աղոթք - Սիրելի՛ Հայր, խնդրու՜մ եմ՝ բացիր ձեռքերս, որպեսզի իմ սրտում եղած Քո սերը նվիրեմ ուրիշներին։ Ամեն։
Եթե բարի պարգևներ փոխանցենք ուրիշներին, օգնած կլինենք նրանց։
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 31-33, Մատթեոս 22.1-22