Մարկոս 8.34-38 Չորեքշաբթի | Հունվարի 31
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի: (Մարկ. 8.36)
ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՀԱՆՁՆՎԻՐ ՔՐԻՍՏՈՍԻՆ
1920 թ. չինացի հովիվ Ջոն Սանգի (John Sung) վեցերորդ զավակը Միացյալ Նահանգների համալսարաններից մեկում սովորելու համար կրթաթոշակ ստացավ: Նա ավարտեց իր ուսումը բացարձակ գերազանցությամբ և ստացավ դոկտորական վկայական: Բայց ուսման ընթացքում հեռացավ Աստծուց: Ապա 1927 թ.-ին՝ մի գիշեր, նա իր կյանքը հանձնեց Քրիստոսին և զգաց, որ քարոզիչ լինելու կոչում ունի: Չինաստանում բարձր վարձատրություն ստանալու բազմաթիվ հնարավորություններ էին սպասվում իրեն, բայց նավով տուն վերադառնալիս նա հանդիմանվեց Սուրբ Հոգու կողմից՝ մի կողմ գցելով իր ցանկությունները: Որպես իր հանձնառության խորհրդանիշ՝ նա ծովը նետեց իր բոլոր մրցանակները՝ պահելով միայն դոկտորական վկայականը, որ պետք է տար իր ծնողներին՝ որպես հարգանքի տուրք:
Ջոն Սանգը հասկացավ, թե ինչ ասաց Հիսուսը՝ Իր աշակերտը դառնալու մասին. «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի» (հ․ 36):
Երբ մենք մեզ ուրանում և թողնում ենք մեր հին կյանքը՝ հետևելու Քրիստոսին և Նրա առաջնորդությանը (հ․ 34-35), զոհաբերում ենք մեր անձնական ցանկությունները և նյութական շահը, որոնք շեղում են մեզ՝ Իրեն հետևելու:
Հաջորդ 12 տարիների ընթացքում Ջոնն ամբողջ սրտով իրականցրեց Աստծո կողմից տրված առաքելությունը՝ քարոզելով Ավետարանը հազարավոր մարդկանց՝ ամբողջ Չինաստանում և հարավարևելյան Ասիայում: Հնարավոր է, որ մենք քարոզչի կամ միսիոների կոչում չունենանք, բայց որտեղ էլ Աստված կանչի ծառայելու՝ Իր Հոգու միջոցով, որ գործում է մեր մեջ, պետք է լիովին հանձնվենք Իրեն:
Աղոթք - Հա՛յր, օգնի՛ր մի կողմ դնել այն ամենը, որ խանգարում է ինձ՝ լիովին քեզ հանձնվելու: Ամեն:
Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի լիովին հանձնվենք Քրիստոսին: Որո՞նք են այն խոչընդոտները, որ արգելք են հանդիսանում մեզ համար:
Աստվածաշունչը մեկ տարում | Ելք 25-26, Մատթեոս 20.17-34