Ամառ, արև ու ճամբարային հիշողություններ․․․ ինչպես տասնամյակներ շարունակ, այնպես էլ այս տարի, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Շողիկ» ճամբարն իր դռներն է բացել հարյուրավոր մանուկների, պատանիների և երիտասարդների առջև։ Ճամբարներ, որոնք լեցուն են ոչ միայն ուրախ ու հետաքրքիր պահերով, այլև Աստծո և Աստվածաշնչի մասին նոր գիտելիքներով, կյանք փոխող շրջադարձային որոշումներով։ Սակայն, նախքան այս ամենը, առաջնորդներն իրենք կարիք ունեն անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների, որոնք պետք է օգնեն ճամբարականներին հոգ տանելու ու ճամբարն ավելի լավ կազմակերպելու համար։
Հունիսի 28-29-ը, Հայաստանի տարբեր մարզերից ՀԱԵ 150 առաջնորդ Հանքավանում էին՝ առաջնորդների ճամբարին մասնակցելու համար: Նրանք առիթ ունեցան հետաքրքիր սեմինարներ լսել քրիստոնեական ուղղամտության, թիմային աշխատանքի, խմբերում քննարկումներ անցկացնելու և դեռահասների հետ առողջ հարաբերություններ ունենալու մասին։
Խոսնակը «Երիտասարդները Հանուն Քրիստոսի» (YFC) կազմակերպության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների տնօրեն Ջոն Սաղերյանն էր։ Սեմինարներն անցան աշխույժ քննարկումներով, հնարավորություն տրվեց, որպեսզի յուրաքանչյուրն ինքնաքննությամբ տեսնի իր ուժեղ ու թույլ կողմերը։ Սեմինարների նյութերը հիմնված էին Աստվածաշնչի վրա, որն էլ օգնում էր առաջնորդներին ուսումնասիրել և հասկանալ Աստծո կամքն իրենց ծառայությունների մեջ։
Առաջնորդաց ճամբարը եռում էր նաև ճամբարային նախապատրաստական աշխատանքներով՝ ծանոթություն ծրագրերին, աստվածաշնչյան դասերին և քննարկումներին։
Այս երկու օրը բավականին լեցուն էր, և կարելի է պատկերացնել, թե դեռ ինչքան գունավոր, ջերմ, հետաքրքիր, աստվածային սիրով և խոսքով լի ճամբարային օրեր են սպասվում առջևում:
Շուշան Ենգիբարյան