.
Կանանց ամառային համագումար Հանքավանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում Սուրբ Գրքի սերտողության կանանց խմբերի համար տարվա ամենասպասված իրադարձությունն ամենամյա ամառային համագումարն է, որի ընթացքում ամփոփվում է տարվա կտրվածքով Սուրբ Գրքի սերտողության թեմաները:

Հունիսի 26-28-ը 200-ից ավելի կանայք Հայաստանի տարբեր մարզերից Հանքավանի «Շողիկ» ճամբարում էին՝ բացահայտելու Աստծուց բխող ուրախության տարբեր շերտերը:

Ամիսներ շարունակ տեղական եկեղեցիների կանանց խմբերում սերտելով Պողոս առաքյալի՝ Փիլիպպեցիներին ուղղված ուրախության նամակը՝ համագումարին քույրերը հնարավորություն ունեցան ուսումնասիրելու ուրախության տարբեր ոլորտները:

Այս տարվա խոսնակները յոթն էին, բոլորը կանանց խմբերում սերտողություն առաջնորդող ծառայողներ էին:

Իջևանում ՀԱԵ երեցկին Արև Սարուխանյանը խոսեց Փիլ. 1.27-30 համարների շուրջ, «ազնվության ուրախության» մասին՝ կարևորելով քրիստոնյայի ազնվությունը ոչ միայն մարդկանց հետ հարաբերություններում, այլև ինքն իր և Աստծո առջև. «Միայն թե Քրիստոսի Ավետարանին վայել կերպո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ, թե հեռու լինեմ, ձեր մասին լսեմ, որ հաստատուն եք մեկ հոգով ու մեկ շնչով պատերազմում եք Ավետարանի հավատի համար» (Փիլ. 1.27):

Դիլիջանում ՀԱԵ երեցկին Մարինե Իսրայելյանը, Փիլ. 1.12-26 համարների վրա հիմնվելով, խոսեց «դժվարության ուրախության» մասին: Պողոս առաքյալը դրա վառ օրինակն էր, նա ցանկացած դժվարություն դիտարկում էր որպես Ավետարանի տարածման միջոց. «Որովհետև ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլ. 1.21):

ՀԱԵ Թումանյանի կանանց սերտողության խմբի առաջնորդ Սեդա Շահվերդյանն անդրադարձավ «միաբանության ուրախությանը»՝ հիմնվելով Փիլ. 2.1-11 համարների վրա. «... ապա լիարժե՛ք դարձրեք իմ ուրախությունը՝ համերաշխ լինելով, նույն սերն ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով» (Փիլ. 2.2):

Երևանի «Հույսի Տուն» ՀԱԵ կանանց խմբի առաջնորդ Ժանետ Դեմիրճյանը խոսեց «պատասխանատվության ուրախության» մասին՝ հիմք ունենալով Փիլ. 2.12-16-ը, բայց նաև բացահայտելով պատասխանատվության գաղափարը Աստվածաշնչի այլ հատվածներում. «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ» (Բ Պետ. 1.3):

ՀԱԵ Վանաձորի կանանց խմբերի առաջնորդ Նվարդ Քոչինյանի նյութը Փիլ. 2.17-30-ն էր՝ «ծառայության ուրախության» մասին. «Ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ...» (Սաղմոս 100.2):

Սիսիանում ՀԱԵ երեցկին Սաիդա Մարտիրոսյանը բաժնեկցեց «խոնարհության ուրախության» կարևորությունը՝ անդրադառնալով Փիլ. 3.1-6 համարներին. «... հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք» (Փիլ. 3.3):

Ուրախության թեման ամփոփեց ՀԱԵ կանանց աշխատանքային խմբի համակարգող Էլիզ Բաղդասարյանը՝ խոսելով Փիլ. 4.6-9 համարներում արծարծվող «ապահովության ուրախության» մասին. «Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի» (Փիլ. 4.9):

Աստծո Խոսքի յուրաքանչյուր պատգամից հետո համագումարի մասնակիցները բաժանվում էին փոքր խմբերի և ներկայացված թեմաները քննարկում գործնական ու անհատական տեսանկյունից:

Համագումարի ընթացքում քույրերը միասնական պաշտամունքի, յուրահատուկ հոգևոր հաղորդակցության, ձեռային աշխատանքի և ինտելեկտուալ խաղերի մասնակցության հնարավորություն ունեցան:

Վերջին օրը մասնակցեցին նաև Սուրբ Հաղորդության Պաշտամունքի ու լսեցին ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանի պատգամը «հավատի ուրախության» մասին: Անդրադառնալով Փիլ. 1.25 համարին. «Եվ սրանում հաստատ համոզված գիտեմ, որ կապրեմ ու կմնամ ձեզ բոլորիդ հետ, որ դուք զարգանաք և ուրախ լինեք հավատով»՝ վերապատվելին առաջարկեց վերանայել, թե ինչ հավատ ու համոզում ենք կրում, ինչ փորձառություն ունենք, և որքանով է այդ հավատը մեզ ուրախություն պատճառում:

Համագումարի մասնակիցները տուն վերադարձան ուրախությամբ և համոզումով, որ այդ ուրախությունը հարատև է, եթե Տիրոջ Խոսքի համեմատ է:

 

 

Նախորդ
...
X