Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը տիկնոջ՝ Մոնիկա Հովսեփյանի հետ, և ՀԱԵ Հոգևոր Խորհրդի փոխնախագահ, ՔԴ տնօրեն վեր. Ավետիք Խաչատրյանը մայիսի 23-ից 30-ը Բեյրութում էին: Այցի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ ու ծառայություններ:
Գլխավոր իրադարձությունը Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցի (NEST) ավարտական միջոցառումն էր, որը տեղի ունեցավ մայիսի 25-ին: Համալսարանի 91-րդ շրջանավարտների թվում էր նաև ՀԱԵ ծառայող Արկադի Հանիսյանը: ՀԱԵ Հոգևոր Խորհրդի արտոնությամբ՝ հովվական ծառայության համար անհրաժեշտ կրթություն ստանալու համար նա 3 տարի հաջողությամբ ուսանեց Բեյրութում և ավարտելով NEST-ը՝ ստացավ Հովվաբանության մագիստրոսի կոչում:
Ավարտող ուսանողներից մեկն էլ՝ Ալին Թահազյանը, որը ներկայացնում էր Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունը, ստացավ Քրիստոնեական Դաստիարակության մագիստրոսի կոչում: Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուց ևս երկու ուսանող՝ Արտակ Գալոյանն ու Շուշան Ենգիբարյանը, դեռևս շարունակում են կրթությունը NEST-ում:
NEST-ի այս տարվա ավարտական միջոցառման և դիպլոմների հանձնման արարողության բանախոսը նույն համալսարանի 2012 թ.-ի շրջանավարտ, ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն էր: Նա պատգամի մեջ շրջանավարտներին հիշեցրեց, որ այսուհետ ևս նեղություններ են կրելու, ինչպես կավը բրուտի ձեռքերի մեջ, բայց դա նշանակում է, որ Աստված շարունակելու է իրենց ձևավորել Իր կամքի համաձայն:
NEST-ի նախագահ դոկտոր Ջորջ Սաբրան շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշեց, որ այն բոլոր դժվարությունները, որոնք կրեցին իրենց ուսման ընթացքում, «անապատի փորձության» այն շրջանն էր, որն օգնելու է հետագայում մյուսներին իրենց «անապատներից» դեպի Քրիստոսի լույսն առաջնորդել:
Հարկ է նշել, որ NEST-ի հետ ՀԱԵ համագործակցության շրջանակը դուրս է գալիս համալսարանի պատերից: 2023 թ.-ից մեկնարկել է երկամյա դասընթաց ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության ավելի քան 30 պատասխանատուի ու ծառայողի համար։ Դասընթացը տեղի է ունենում փուլային, NEST-ի՝ Հայաստան ժամանած դասախոսների մասնակցությամբ: Այս դասընթացի ավարտական փուլի ու հետագա համագործակցության մասին էր ՀԱԵ ավագ հովվի ու ՔԴ տնօրենի օրակարգային նյութը NEST-ի նախագահի հետ հանդիպմանը:
Բեյրութ այցի շրջանակներում հովիվներն առիթ ունեցան ծառայելու տեղական եկեղեցիների կիրակնօրյա պաշտամունքներին: Վեր. Ավետիք Խաչատրյանը քարոզեց Աշրաֆիեի եկեղեցում, վեր. Հովհաննես Հովսեփյանը՝ Մարաշի եկեղեցում: Նույն եկեղեցու տիկնանց ծառայությանը խոսքի առիթ տրվեց Մոնիկա Հովսեփյանին:
Ավարտական միջոցառման հաջորդ օրը՝ մայիսի 26-ին, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության (ՄԱՀԱԵՄ) հովիվներն ու կենտրոնական մարմնի ներկայացուցիչներն իրենց ընտանիքներով՝ ներառյալ Հալեպից, NEST-ի շրջանավարտներն ու ներկայիս ուսանողները, ինչպես նաև այս օրերին Բեյրութում գտնվող ՀԱԵ ներկայացուցիչները միասին հավաքվեցին ՄԱՀԱԵՄ-ի ճամբարում՝ ՔՋԱԿ-ում, որպեսզի հաղորդակցվեն, տոնեն ու փառք տան Աստծուն այն «հունձքի» համար, որ Քրիստոսի անունով ծառայության նոր դաշտ են ստաձնելու:
Բեյրութ այցելության վերջին օրը վեր. Հովսեփյանը հանդիպել ու միութենական համագործակցության եւ հետագա անելիքների մասին քննարկում է ունեցել Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի հետ: