Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն ու ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը մայիսի 4-20-ը Ֆրանսիայում էին: Այցի հիմնական նպատակը Ֆրանսիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության հիմնադրման 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելն էր, սակայն հովիվները նաև այցելություններ ու հոգևոր ծառայություններ իրականացրին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում:
Մասնավորապես եղան Դեսինի և Լիոնի Հայ Ավետարանական եկեղեցիներում, որտեղ քարոզելու առիթ ու ծառայողների հետ հանդիպումներ ունեցան, ինչպես նաև այցելեցին Դեսինի ծերանոց, հանդիպեցին Հայաստանից ապաստանած քաղաքացիներին:
Մասնակցեցին Մարսելում տեղի ունեցող ՀԱԵ Ֆրանսիայի միության հովվական ժողովին, տարեկան համաժողովին ու Ֆրանսիայի ՀԱԵ 100-ամյակին նվիրված՝ «Մենք տոնում ենք Աստծո հավատարմությունը» խորագրով տոնական միջոցառումներին:
Մարսելում ու Վալանսում նույնպես քարոզելու և եկեղեցիների ծառայողների հարցերին պատասխանելու հնարավորություն ունեցան:
Այցելեցին նաև Իսի լե Մուլինո համայնքի սպորտային համալիր, հանդիպում ունեցան «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչների հետ, մասնակցեցին Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Եղան նաև Ալֆովրիլի եկեղեցում, հարցազրույցներ տվեցին «Հայկական» և «ԱՅԲ» ռադիոկայաններին:
Վերջին կիրակին քարոզեցին Իսի լե Մուլինոյի եւ Ալֆորվիլի եկեղեցիներում, որտեղ առանձին հանդիպման ժամանակ պատմեցին նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մասին։
Հայաստանցի հովիվների այցը Ֆրանսիա եզրափակվեց Փարիզի տարածաշրջանի Հայ Ավետարանական եկեղեցիների հովիվների հետ հանդիպումով: