.
Սեմինար ՀԱԵ ՔԴ մշակութային խմբակների ծառայողների համար

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) քրիստոնեական դաստիարակության (ՔԴ) բաժնին կից գործում են տարբեր մշակութային խմբակներ՝ նկարչություն, փայտամշակում, գոբելեն, ֆուրշետի ձևավորում, հելունագործություն և այլն, որոնց մասնակցում է 200-ից ավելի մանուկ և պատանի։ Նրանց մեծ մասը հաճախում է նաև կիրակնօրյա և պատանեկան ծառայություններին։ Խմբակների նպատակն է՝ երեխաներին սովորեցնել տարբեր հմտություններ և այս խմբակների միջոցով ավետարանչություն անել։ Հատկանշական է այն փաստը, որ երեխաներից շատերը հենց այս խմբակների միջոցով են սկսել հաճախել եկեղեցի։

Ապրիլի 29-ին, ՀԱԵ ՔԴ բաժնի նախաձեռնությամբ, Երևանում տեղի ունեցավ սեմինար ՀԱԵ մշակութային խմբակների պատասխանատուների ու ծառայողների համար: Սեմինարը վարում էր ՔԴ մշակութային ծրագրերի համակարգող Վազգեն Թորոսյանը, ներկա էին Գյումրու, Աբովյանի, Արմավիրի և Երևանի ՀԱԹ ու ՀՈՒՅՍԻ ՏՈՒՆ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մշակութային խմբակների ծառայողները:

Սեմինարը սկսվեց հոգևոր խորհրդածությամբ: ՀԱԵ ՔԴ տնօրեն վեր. Ավետիք Խաչատրյանն Անգեի մարգարեությունից խոսեց կարևորն անկարևորից տարբերելու, կարևորը չանտեսելու և չուշացնելու մասին:

Սեմինարի ընթացքում խոսվեց մշակութային խմբակների առաքելության, մարտահրավերների ու առաջիկա ծրագրերի մասին: Գործնական աշխատանքների միջոցով սեմինարի մասնակիցներն անդրադարձան գեղագիտական ճաշակի, կրթության ու երևակայության կապին:

Առաջիկա անելիքների ցանկում հստակեցվեց համատեղ ցուցահանդես կազմակերպելու գաղափարը: Վերջին 6 ամիսներին ձեռային աշխատանքի խմբակներում երեխաները ստեղծագործել են ծաղիկների թեմայի շուրջ. պատրաստի աշխատանքները կցուցադրվեն մայիսի վերջին, Երևանում՝ «Աստծո ստեղծագործության հրաշքը» թեմայով ցուցահանդեսի շրջանակներում: 

Նախորդ
...
X