.
Կանանց մեկօրյա համագումար Իջևանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 173 կին, Հայաստանի հյուսիսային շրջանի 11 բնակավայրից (Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Թումանյան, Ալավերդի, Շիրակամուտ, Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան), ապրիլի 27-ին հավաքվել էր Իջևանում՝ ՀԱԵ հյուրընկալ հարկի տակ:

«Միշտ Ուրախ եղե՛ք ի Տեր» խորագրով մեկօրյա մարզային երկրորդ համագումարին, փակված ճանապարհների պատճառով, Նոյեմբերյանի կանանց սերտողության խումբը չկարողացավ ներկա լինել, մասնակցում էր միայն երեցկինը:

Համագումարը սկսվեց հյուրասիրությամբ, հաղորդակցությամբ, այնուհետև շարունակվեց պաշտամունքով: ՀԱԵ Իջևանի փառաբանության խումբն առաջնորդեց հոգևոր երգերը, որից հետո առիթը տրվեց խոսնակին:

Շարունակելով Փիլիպպեցիս նամակի սերտողությունը՝ կանայք առիթ ունեցան լսելու նամակում արծարծվող ուրախության թեմայի մասին: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը Պողոս առաքյալի՝ Փիլիպպեցիներին ուղղված նամակը նկարագրեց որպես ուրախության նամակ, որ գրվել է տխրության ժամանակ: Որտեղի՞ց է գալիս արտաքին հանգամանքներից անկախ՝ այդ ներքին հարատև ուրախությունը:

Անդրադառնալով առաքյալի հետևյալ մտքերին՝ «Ուրախ եղե՛ք ի Տեր», վերապատվելին անդրադարձավ ուրախության իրական աղբյուրին, ու նկատեց, որ Ի Տեր ուրախանալ նշանակում է ճանաչել Հիսուս Քրիստոսին որպես մեր Տեր, Փրկիչ և Գանձ:

Առաքյալի «Ուրախ եղե՛ք մեկդ մյուսի համար» հորդորին անդրադառնալով վեր. Հովսեփյանը մատնանշեց ուրախության ուղղությունն ու գործնական դրսևորումները. «Մենք ուրախանում ենք Աստծո ժողովրդի մեջ՝ միմյանց համար՝ հանուն Քրիստոսի՝ գոհանալով այն գործի համար, որը Նա արել է, անում է և ավարտին կհասցնի նրանց մեջ և նրանց միջոցով Քրիստոսի օրը (Փիլիպ. 1.6) »,- նշեց նա:

Նյութն ամփոփվեց «Միշտ Ուրախ եղե՛ք ի Տեր» կոչով, որով խոսնակը շեշտադրեց ուրախությունը՝ անկախ հանգամանքներից. «Պողոսը միշտ ուրախանում է ի Տեր, թեև նա նստած է բանտում՝ թշնամիների կողմից վիրավորված, լսելով իր հանդեպ հակառակության մասին լուրերը: Նրա ուրախությունը խարսխված չէ հանգամանքների վրա, այլ իր Փրկչի մեջ է, ով երբեք չի հիասթափեցնի և անպայման կազատի իրեն»:

Սերտած նյութն անհատական մակարդակով քննարկելու և վերանայելու հնարավորություն համագումարի մասնակիցներն ունեցան փոքր խմբերում, որտեղ նկատեցին, որ ուրախության թեման խիստ անհրաժեշտ ու կարևոր է հատկապես հիմա, երբ թվում է՝ ուրախանալու շատ բան չկա:

Նախորդ
...
X