.
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվների այցը ՀԱՀԱՄ եկեղեցիներ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) ավագ հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանն ու ՀԱԵ Գյումրու հովիվ պատ. Արամ Բաբաջանյանը փետրվարի 27-ից մարտի 19-ը Կալիֆորնիայում էին: Այցի ընթացքում նրանք եղան և ծառայություն բերեցին Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության (ՀԱՀԱՄ) տարբեր եկեղեցիներում, հանդիպումներ ունեցան հովիվների ու եկեղեցական ծառայողների հետ:

Պատ. Արամ Բաբաջանյանն իր այցի առաջին օրերին եղավ Ֆրեզնոյում, հանդիպեց Գյումրու ՀԱԵ քույր եկեղեցի հանդիսացող Պանդուխտների Հայ ժողովական եկեղեցու հովիվներ վեր. Ներսես Պալապանյանի և վեր. Կեվին Կասպեռի հետ: Նա հանդիպումներ ունեցավ նաև եկեղեցու այլ ծառայողների հետ, իսկ մարտի 3-ին՝ կիրակնօրյա պաշտամունքի ընթացքում, քարոզեց այդ եկեղեցում: Պատ. Բաբաջանյանը հանդիպում ունեցավ նաև ՀԱԵ հովիվների հոգևոր խորհրդատու վեր. Մկրտիչ Մելքոնյանի հետ:  

Վեր. Հովհաննես Հովսեփյանը մարտի 2-ին Փասադենայի Մերդինյան Հայ Ավետարանական դպրոցում մասնակցեց Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հոգաբարձության ժողովին, իսկ մարտի 3-ին քարոզեց Լոս Անջելեսի Միացյալ հայ ժողովական եկեղեցու հայալեզու պաշտամունքին: 

ՀԱԵ երկու հովիվները նաև հանդիպումներ ունեցան ԱՀԱԸ-ի նախագահ դոկտոր Նազարեթ Դարակչյանի, գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի, ինչպես նաև ԱՀԱԸ հայաստանյան ներկայացուցիչ Արեն Դեյիրմենջյանի, Լոս Անջելեսի շրջանի այլ հովիվների ու եկեղեցական առաջնորդների հետ:

Պատ. Արամ Բաբաջանյանը նաև առաջնորդեց Օրենջ Քաունթիի Հայ Քրիստոնեական Ընկերակցության Սուրբ Գրքի սերտողության տղամարդկանց խմբի հանդիպումն ու քարոզեց Միացյալ Հայ Ժողովական եկեղեցում, իսկ Վեր. Հովհաննես Հովսեփյանն առաջնորդեց Սուրբ Գրքի սերտողությունը Հյուսիսային Հոլիվուդի Սուրբ Երրորդություն Հայ եկեղեցում և Հոլիվուդի Հայ Ավետարանական եկեղեցում, ինչպես նաև քարոզեց Փասադենայի Հայ Կիլիկիա Ավետարանական եկեղեցում: Միության այլ հովիվների հետ հանդիպելու առիթներ ևս եղան:

ԱՄՆ այցի ընթացքում ՀԱԵ երկու հովիվները մարտի 6-8-ը մասնակցեցին նաև Լոս Անջելեսում տեղի ունեցող «Ճշմարտությունը հաղթում է» խորագրով հովվական համաժողովին:

Այցը բացառիկ հնարավորություն էր՝ ավելի լավ ծանոթանալու Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ, աջակցելու միմյանց և աճելու մեր հավատքի ու ծառայության մեջ:

 

 

Հենդրիկ Շահնազարյան

Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության հովիվ

Նախորդ
...
X