.
Բարի Լուրն ավետվեց Հայաստանի գրեթե բոլոր մարզերում

«Բարձունքներում Աստծուն փառք և երկրի վրա խաղաղություն, մարդկանց մեջ՝ հաճություն» Ղուկաս 2․14

Խաղաղություն, որն անկախ է արտաքին իրավիճակներից ու պարագաներից: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդի բարի լուրը խաղաղության ավետիս էր ինչպես Արցախից բռնագաղթած մանուկների, պատանիների ու նրանց ծնողների, այնպես էլ բոլորիս համար: 

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու քրիստոնեական դաստիարակության բաժինը՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությամբ ու տեղական 22 եկեղեցու ուժերով, ամեն տարի դեկտեմբերի վերջից սկսում է Սուրբ Ծննդյան ավետման միջոցառումների շարքը: 

Այս տարին տարբերվող էր. շրջանների մի մասում առանձին միջոցառումներ եղան հենց արցախցի մանուկների ու պատանիների համար: 

Հնարավոր բոլոր միջոցներով նրանք ներգրավվեցին եկեղեցու կողմից կազմակերպվող ծառայություններին:  

Դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 15-ը, Հայաստանի ավելի քան 30 բնակավայրում, այդ թվում և սահմանամերձ գյուղերում, վեց տասնյակից ավելի միջոցառում կազմակերպվեց, որոնց ընթացքում ավելի քան 10 000 մանուկ ու պատանի լսեց Փրկչի Ծննդյան Բարի Լուրն ու նվերներ ստացավ:  

Վարդենիսի ՀԱԵ ծառայողները եղան 14 գյուղերում, որից 12-ը՝ սահմանամերձ: Սիսիանում ՀԱԵ-ն կազմակերպեց 9 սահմանամերձ գյուղերի մանուկների տեղափոխումը քաղաք, որտեղ նրանք դիտեցին Քրիստոսից բխող ուրախության, սիրո և հոգատարության մասին պատմող «Պաուվրե Թաղամասի հեքիաթը» Սուրբ Ծննդյան ներկայացումը: 

Հայաստանի բոլոր շրջաններում Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցվեց յուրօրինակ ներկայացումների միջոցով, որոնց մեջ դարձյալ մանուկներ ու պատանիներ էին ներգրավված: Նրանց շուրթերով փոխանցվեց օրվա գլխավոր պատգամը.

«Աստծո սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք»: (Ա Հովհաննես 4.9)

Նախորդ
...
X