.
«Սուրբ Ծնունդն անտառում». ներկայացում մանուկների համար

«Աստծո սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք»: Ա Հովհաննես 4.9

Ավելի քան 2200 մանուկ ու պատանի Երևանում՝ ՀԱԵ Բաղրամյան 18-ում, երկու օր շարունակ 7 սեանսով լսեցին Սուրբ Ծննդյան Բարի Լուրը յուրահատուկ ներկայացման միջոցով: 

Հունվարի 11-ին և 12-ին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերախումբը հանդիսատեսի դատին հանձնեց «Սուրբ Ծնունդն անտառում» ներկայացումը (բեմադրիչ՝ Նունե Աբրահամյան): 

Անտառի բնակիչներն անհասկանալի գրությամբ տախտակ են գտնում, փորձում վերծանել, բայց ոչինչ չի ստացվում, այդ ժամանակ ամեն մեկը ենթադրում է այն, ինչի մասին ականջի ծայրով լսել է… Մեկը Սուրբ Ծնունդն է հիշատակում, մյուսն ինչ-որ թզուկի գալու մասին է խոսում: Հավաքելով տեղեկությունների պատառիկները՝ կենդանիները ենթադրում են, որ ինչ-որ տեղ մի թզուկ գոյություն ունի, որի գալուստով էլ կնշանավորվի Սուրբ Ծնդունդը: 

Իսկ այդ ժամանակ, անտառի մի անկյունում, թզուկ Բուկան (դերում՝ Կարեն Միրիջանյան) ինքն իր հետ կռիվ է տալիս: Նա կորցրել է իր տունը, ընկերներին, հարազատ ընտանիքը, մարդկանց, ում համար ամեն տարի պատմում էր Մանուկ Հիսուսի հրաշափառ Ծնունդի պատմությունը, մնացել է միայնակ, ծվարել է մի բնում ու ոչնչի մասին լսել չի ուզում: Բայց նրան գտնում են երկու նապաստակները, լսում Սուրբ Ծննդյան իրական պատմությունն ու խնդրում են, որպեսզի այդ Բարի Լուրը հասցնի ողջ անտառին: Արդյունքում թզուկը նոր ընկերներ է ձեռքբերում, իսկ անտառի բնակիչները լսում են Մանուկ Հիսուսի Ծննդյան պատմությունն ու բացահայտում Աստծո սիրո մեծագույն դրսևորումը. Քրիստոսը եկավ, որ կյանք ունենանք…

Ներկայացման ավարտին, երբ հնչում է Սուրբ Ծննդյան Բարի լուրն ավետող երգը, թզուկը վառում է մոմը, նրա օրինակին հետևում են ողջ անտառի բնակիչներն ու դահլիճի երեխաները: Մութ դահլիճն անմիջապես լուսավորվում է փոքրիկ ճրագներով, որը մեկնաբանվում է այսպես՝ յուրաքանչյուրս կդառնանք Սուրբ Ծննդյան լույսը կրողը, երբ ճանաչենք Հիսուսին ու հետևենք Նրա պատվիրաններին: 

Ներկայացման փոխանցած բարձր տրամադրությունն ու Բարի Լուրի բերկրանքն ամբողջացան Սուրբ Ծննդյան նվերներով: Փոքրիկներն իրենց հետ տուն տարան ինչպես Հիսուսի լույսը խորհրդանշող մոմերը, այնպես էլ հետաքրքիր իրերով ու խաղերով լի պարկերը՝ միմյանց ավետելով. «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, մեզ և ձեզ մեծ Ավետիս»:

Նախորդ
...
X