.
ՀԱԵ-ն Աբովյանում նոր հովիվ ունի

2024 թ.-ի առաջին կիրակին՝ հունվարի 7-ը, հիշարժան էր Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Աբովյանի համայնքի համար: Տերունական օրը՝ պաշտամունքի ընթացքում, տեղի ունեցավ նաև եկեղեցու նոր հոգևոր հովվի՝ Արմեն Միսակյանի պաշտոնակոչության արարողությունը:

ՀԱԵ խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը, ներկայացնելով նոր հովվին, համայնքի առջև հարցեր բարձրաձայնեց, որոնց պատասխանելով՝ Արմեն Միսակյանը հաստատեց հավատարմությունն Ավետարանի քարոզչությանը, Աստծո Խոսքն անսխալ ուսուցանելու և ժողովրդին անմնացորդ ծառայելու իր առաքելությունը և Աստծուն ապավինելով՝ Աբովյանում ՀԱԵ հովվությունը ստանձնելու պատրաստակամությունը: Պաշտոնակոչության բուն ընթացքին հաջորդեց նորանշանակ հովվի համար ՀԱԵ Հոգևոր Խորհրդի նախագահի աղոթքը:

Այնուհետև, նորանշանակ հովիվն առաջին անգամ ՀԱԵ Աբովյանի համայնքին դիմեց Աստծո Խոսքի պատգամով: Եբրայեցիներին 10.19-25 համարների մեջբերմամբ՝ Արմեն Միսակյանը խոսեց Քրիստոսի վրա հիմնված եկեղեցու կարևոր առանձնահատկությունների մասին՝ առանձնացնելով հավատարմությունն Աստծո և միմյանց հանդեպ:

Արմեն Միսակյանը ծնվել է 1988 թ.-ի սեպտեմբերի 10-ին, Երևանում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի՝ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում: 2004 թ.-ից ՀԱԵ անդամ է և ներգրավված է եկեղեցու տարբեր ծառայությունների մեջ։ 2006-2008 թթ.-ին ծառայել է Հայկական զինված ուժերում։ 2009-2012 թթ.  սովորել  է Հայաստանյայց Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիայում, ստացել է աստվածաբանության բակալավրի աստիճան։  2019-2022թթ. սովորել է Բեյրութի Մերձավոր Արևելքի Աստվածաբանական Դպրոցում՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի աստիճան: 2022-2023 թթ. հովվական փորձառական շրջան է անցել ՀԱԵ Բաղրամյան 18-ում և ՀԱԵ ՀԱԹ-ում՝ որպես օգնական հովիվ։ 2011 թ.-ից ամուսնացած է Էլեոնորա Ծատրյանի հետ, ունեն մեկ տղա և երկու դուստր։

Նախորդ
...
X