.
Արցախի մշակույթի օր՝ Վանաձորում ՀԱԵ նախաձեռնությամբ

Վանաձորում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին մի ամբողջ օր նվիրեց Արցախին ու արցախցիներին: Դեկտեմբերի 16-ին եկեղեցասրահում Արցախի մշակույթին նվիրված ցերեկույթ էր կազմակերպվել: 

Վանաձորում ապաստանած 100-ից ավելի արցախցի՝ հիմնականում ընտանիքներով, եկել էր վայելելու ազգային մշակույթը, բայց առավել՝ քաջալերվելու Աստծո Խոսքով:

Արցախցիներին ողջունելու էին եկել նաև Վանաձորում հեղինակություն վայելող մշակութային գործիչներ՝ ասմունքող Ջիվան Սարգսյանը, դերասանուհի Ռոզա Մխիթարյանը: Իրենց պարային ելույթներով ներկաներին ողջունեցին Վանաձորի «Անի» պարային ստուդիայի սաները, որի գեղարվեստական ղեկավարը 44-օրյա պատերազմում զոհված հերոս Էդգար Աղաջանյանի մայրն է՝ Մարինե Աղաջանյանը: Ասմունքով հանդես եկան նաև շուշեցի պատանիներ: 

Մշակութային ելույթներից առավել՝ արցախցիների սրտին դիպավ Աստծո Խոսքը: ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր. Վարդան Ափինյանը քաջալերեց ներկաներին Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված նամակի 5.3-5 համարներով՝ պատգամը վերնագրելով «Դարձյալ հույս կա»:  «Հռոմում հեշտ չէր քրիստոնյա լինելը, Պողոսը հույսի մասին խոսում էր անասելի հալածանքների ու տառապանքների սպառնալիքի մեջ, հույս, որը չի ամաչեցնում, քանի որ Աստծո սերը Սուրբ Հոգու միջոցով գործում է մեր մեջ»,- նշեց վերապատվելին: Քարոզը եզրափակելով Հոբ 14.7-9 համարներով՝ վեր. Ափինյանը նկատեց. «Եթե անհոգի ծառի համար հույս կա, ի՞նչ էք կարծում, մարդը, ով ստեղծված է Աստծո պատկերով ու նմանությամբ, նրա համար հույս չկա՞։ Եթե անհոգի ծառի համար հույս կա, ապա իմ և քո համար էլ հույս կա։ Ինչպես որ ծառը կարող է ծաղկել ջրի հոտից, առավել ևս մարդը կարող է ծաղկել, նորոգվել, թարմանալ, զորանալ, երբ Քրիստոս Հիսուսը բնակվի նրա սրտի մեջ»։

Միջոցառման վերջում Վանաձորում ՀԱԵ օգնական հովիվ պատ. Դավիթ Բաբայանն արցախցիներին քաջալերեց հենց Արցախի բարբառով՝ խոստովանելով, որ այն արցախցի տատիկի հետ խոսելու գաղտնի լեզուն է եղել: «Երբ Արցախ ենք ասում, մեր մտքով տներ ու վանքեր են անցնում, բայց միայն դա չէ, Արցախը ժողովուրդ է, Արցախը մշակույթ է, Արցախը լեզու է... Չամաչե՛ք ձեր լեզվով խոսել, չմոռանա՛ք այն... երբ դադարեք խոսել ձեր բարբառով, Արցախի մշակույթն էլ կդադարի գոյություն ունենալ...»:

Հանդիպման ավարտին արցախցիներին յուրահատուկ անակնկալ էր սպասվում. իրենց հայրենակիցների, երեցկանանց ու ծառայողների ջանքերով պատրաստված ժենգյալով հացը ու փախլավա, որը քիչ թե շատ ամբողջացրեց Արցախի մշակույթին նվիրված տոնական ցերեկույթը: 

 

Նախորդ
...
X