.
«Աստված մեզ հետ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան ՀԱԵ-ում

Հիսուս Քրիստոսի կյանքի դրամատիկ վերապատմումը վերջին ողջ մնացած առաքյալի` Հովհաննեսի աչքերով. Ամերիկյան «Vision Video» ընկերության «Աստված մեզ հետ» լիամետրաժ անիմացիոն  մուլտֆիլմը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովանավորությամբ կրկնօրինակվել է հայերեն «Աշխարհը հայերենով» հասարակական կազմակերպության «ՀԱՅ Ա.Ս.» ֆիլմերի կրկնօրինակման ստուդիայում: Թարգմանիչ՝ Արա Գևորգյան, կրկնօրինակման ռեժիսոր՝ Արամ Սողոմոնյան:

Դեկտեմբերի 13-ին, ՀԱԵ Բաղրամյան 18-ում տեղի ունեցավ հայերեն թարգմանությամբ «Աստված մեզ հետ» մուլտֆիլմի պրեմիերան: 1 ժամ 30 րոպե տևողությամբ մուլտֆիլմը հիանալի առիթ էր մոտ 300 մանուկի ու պատանու ևս մեկ անգամ պատմելու մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի կյանքի և երկրի վրա Նրա մեծ առաքելության մասին:

Մուլտֆիլմի հայերեն թարգմանությամբ պրեմիերային ներկա էին նաև ստեղծագործական անձնակազմը, ՀԱԵ ու կաթոլիկ հոգևոր այրեր: Դերասան Կարեն Խաչատրյանը, ով հնչյունավորել էր Հովհաննես Առաքյալին, ֆիլմի վերջում ներկաներին պատմեց իր զգացողությունների մասին:

«Երբ ես էի Ձեր տարիքում, այսպիսի բովանդակությամբ ֆիլմերն արգելված էին: Ես ուրախ եմ, որ հիմա դուք կարող եք ազատ լսել այն ճշմարտությունը, որին հավատում եք: Շատ ուրախ եմ նաև, որ մաս կազմեցի այս բծախնդիր աշխատանքին: Ինչպես մուլտֆիլմի վերնագիրն է ասում՝ Աստված մեզ հետ»:

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանն իր խոսքում կարևորեց այսօրվա «սերիալային» մշակույթում մեծացող երեխաներին հոգևոր այլընտրանք առաջարկելն ու հայերեն կոնտենտ ստեղծելը.

«Այսօր մեդիա ռեսուրսներն այնքան բաց են, որ մեր երեխաները, մեր կամքից անկախ, սովորում են բաներ, որոնք լավ չեն: Նույնիսկ նրանց բառապաշարն է սերիալային դարձել: Այս մուլտֆիլմի թարգմանության նպատակը երեխաներին Աստծո Խոսքը սովորեցնելն ու Հիսուս Քրիստոսին, Նրա կատարած գործին ծանոթացնելն  է, որը փոփոխություն կբերի իրենց կյանքում:»

Շնորհակալություն հայտնելով ֆիլմի թարգմանությամբ զբաղված ստեղծագործական խմբին` վեր. Հովսեփյանը վստահեցրեց, որ այն դեռ շատ հանդիսատես է հավաքելու ու շատերին է պատմելու Աստծո գործի մասին.

«Բարի երթ այս ֆիլմին Հայաստանով մեկ ու Հայաստանից դուրս, ուր որ հայ կա…»,- եզրափակեց իր խոսքը ՀԱԵ ավագ հովիվը:

Ֆիմից ստացված տպավորություններն ու հուշերն ամբողջացրեց երեխաների համար ստեղծված ֆոտոզոնան, որտեղ արված լուսանկարները յուրաքանչյուր մանուկի կհիշեցնեն, թե ինչ արեց Աստված իր համար: 

Նախորդ
...
X