.
ՀԱԵ Ալավերդու համայնքը նոր հովիվ ունի

Երեք ամիս ՀԱԵ Ալավերդու համայնքում որպես օգնական հովիվ ծառայելուց հետո 2023 թ.-ի դեկտեմբերի 10-ին Խաչիկ Նազարյանը պաշտոնակոչվեց որպես այդ համայնքի հովիվ: Պաշտոնակոչության արարողությունը տեղի ունեցավ Տերունական պաշտամունքի ընթացքում: 

ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանը համայնքի ու հոգաբարձուների առջև բարձրաձայն հնչեցրեց հարցեր, որոնց պատասխանելով՝ Խաչիկ Նազարյանը հաստատեց իր հավատարմությունն Ավետարանի վարդապետությանը, Աստծո Խոսքին հավատարիմ մնալու և ժողովրդին անմնացորդ ծառայելու իր առաքելությունը և Աստծուն ապավինելով՝ ՀԱԵ Ալավերդու հովվությունը ստանձնելու պատրաստակամությունը: Պաշտոնակոչության բուն ընթացքին հաջորդեց նորանշանակ հովվի ու ընտանիքի, եկեղեցու, ծառայողների ու հոգաբարձուների համար ավագ հովվի աղոթքը:

Պատգամաբերը Խաչիկ Նազարյանն էր, ով խոսեց Պողոս առաքյալի՝ Հռոմեացիներին ուղղված նամակի 15-րդ գլխի 12-ից 13 համարների շուրջ՝ Սուրբ Ծնունդը որպես հույս ներկայացնելով:

Խաչիկ Նազարյանը ծնվել է 1991 թ.-ի հուլիսի 8-ին,     Ստեփանավան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է   Ստեփանավանի՝ Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցում: 2008-2012 թթ.  սովորել  է  ԵՊՀ  Իջևանի  մասնաճյուղի  ՀԳ ֆակուլտետի «Պատմություն» բաժնում և ստացել բակալավրի աստիճան։ 2012-2014 թթ.-ին ծառայել է Հայկական զինված ուժերի Արցախի Հանրապետության ՊԲ-ի Ջաբրայիլում տեղակայված զորամասում: 2015-2018 թթ. աշխատել է Ստեփանավանի զորամասում՝ պայմանագրային հիմունքներով: Աշխատանքին զուգահեռ՝ 2014-2018թթ.-ին (մեկ  տարվա  տարկետումով)սովորել է ԵՊՀ ՀԳ ֆակուլտետի «Հայոց պատմություն» բաժնում և ստացել մագիստրոսի աստիճան։ 2019-2022 թթ. սովորել է Մերձավոր Արևելքի Աստվածաբանական դպրոցում՝ ստանալով աստվածաբանության մագիստրոսի որակավորում: 2022-2023 թթ. հովվական փորձառական շրջան է անցել ՀԱԵ Ստեփանավանում։ 2023 թ. սեպտեմբերից ծառայում է ՀԱԵ Ալավերդիում` որպես հոգևոր հովիվ։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր։ 

Նախորդ
...
X