.
ՀԱԵ-ն Թումանյանում նոր հոգևոր հովիվ ունի

2023թ.-ի սեպտեմբերի 10-ը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Թումանյանի համայնքի համար օրացույցում կընդգծվի որպես նոր հոգևոր հովվի ծառայության մեկնարկի օր: Եկեղեցին 20 տարի հովված Ռոբերտ Մխիթարյանի՝ Ի Տեր ննջելուց հետո 1,5 տարի համայնքի հոգևոր խնամքն ու բեմի ծառայությունը համատեղության կարգով իրականացնում էր ՀԱԵ Ալավերդու հոգևոր հովիվ վեր. Արթուր Օչինյանը՝ տարածաշրջանի այլ հովիվների ներգրավվածությամբ: 

Տերունական օրն Աստծուն փառաբանություն բարձրացնելուց հետո ՀԱԵ Թումանյանի անդամներն ու հոգաբարձուներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին վեր. Արթուր Օչինյանին, շնորհակալություն հայտնեցին հոգատար ծառայության համար ոչ միայն սրտից բխած խոսքերով, այլև խորհրդանշական հուշանվերով, որից հետո ՀԱԵ հոգևոր խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը գոհության աղոթք բարձրացրեց վեր. Արթուր Օչինյանի համար:  

Այնուհետև ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց նոր հովվին՝ Արցախում իր ծառայությունն ավարտած և Հայաստան վերադարձած պատվելի Խաչատուր Խաչատրյանին: Վերջինս պատասխանեց ավագ հովվի կողմից, հովվական ուխտի համաձայն բարձրաձայնվող հարցերին՝ հաստատելով Աստծուն հավատարիմ մնալու և ժողովրդին անմնացորդ ծառայելու իր առաքելությունը: Հարցեր ուղղվեցին նաև ժողովրդին, որի անունից պատասխաններ հնչեցրին ՀԱԵ Թումանյանի հոգաբարձուները՝ հաստատելով, որ պատրաստ են աջակցել պատ. Խաչատուր Խաչատրյանին իր նոր ծառայության ընթացքում:  

Տերունական օրվա պատգամաբերը նոր պաշտոնակոչված հովիվն էր: Պատ. Խաչատուր Խաչատրյանի քարոզը Ղուկաս 5.1-10 համարների շուրջ էր՝ Հիսուսին հետևելու մասին: 

Պաշտոնակոչության արարողությանը ներկա էին նաև ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվ վեր. Վարդան Ափինյանն ու օգնական հովիվ պատ. Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ՀԱԵ խորհրդի նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը: 

Պատվելի Խաչատուր Խաչատրյանը ծնվել է 1966 թ.-ին, Վանաձորում, որտեղ ստացել է նաև միջնակարգ կրթությունը: Ավարտել է նաև Վանաձորի պոլիտեխնիկական համալսարանը և աշխատել «Ավտոմատիկա» գործարանում։ 1992 թ.-ին հնարավորություն է ստացել մասնակցել Արզնի քաղաքում կազմակերպված քրիստոնեական հոգևոր ճամբարին, որտեղ և ապաշխարել է՝ կյանքը հանձնելով Աստծուն։ 1993 թ․-ից սկսել է ծառայել Վանաձորի ՀԱԵ-ում՝ որպես երիտասարդական խմբի առաջնորդ, իսկ ամռան շրջանում ծառայել է ճամբարներում՝ որպես պատանյաց և երիտասարդաց խմբերի առաջնորդ։ 1996 թ․-ից ներգրավվել է Վանաձորի ՀԱԵ բոլոր ծառություններում։ 2007 թ․-ից ստանձնել է Ստեփանավանի ՀԱԵ հոգևոր հովվի պաշտոնը։ Նույն թվականից նաև քարոզչության արտոնություն և պատվելիի կոչում ունի: 2020 թ.-ի դեկտեմբերի 13-ից՝ հետպատերազմական Արցախի համար ծանր ժամանակաշրջանում, ստանձնել է Արցախի Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովվությունը մինչև 2023 թ.-ի օգոստոսը: Ամուսնացած է, ունի երկու աղջիկ և մեկ տղա։ 

 

Նախորդ
...
X