.
Գոհության և աղոթքի պաշտամունք

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հովիվները օգոստոսի 31-ին Վանաձորում էին գոհության և աղոթքի պաշտամունք բարձրացնելու առ Աստված:

Առիթը՝ վերջին 3 տարիներին Արցախում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին հովված պատվելի Խաչատուր Խաչատրյանի ծառայության ավարտն ու նոր հովվի՝ պատվելի Արմո Արզումանյանի ծառայության մեկնարկն ազդարարելն ու այդ ընթացքն աղոթքով Աստծուն հանձնելն էր:

Պաշտամունքը սկսվեց փառաբանության երգերով ու գոհության աղոթքով, որից հետո քաջալերանքի խոսք ուղղեց ԱՄՆ-ից ժամանած հովիվ վեր. Տիգրան Շանելեանը: Վերապատվելին մեջբերեց Սաղմոս 126-ը և կոչ արեց հովիվներին արցունքով ցանողներ լինել. «Արցունք թափեք կորսված հոգիների համար եւ լացով սերմանեք Աստծո Խոսքը՝ անկախ պարագաներից»։

Այնուհետև ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց Արցախում ծառայությունների վերակազմակերպման ընթացքը: Պատ. Խաչատուր Խաչատրյանը, ով գրեթե մեկ տարի առաջ պետք է ավարտած լիներ իր ծառայությունը, հայտնի պատճառներով շարունակեց մնալ Արցախում և հոգ տանել հոտի համար: Օրեր առաջ նրան հաջողվեց վերադառնալ Հայաստան, որտեղ կշարունակի հոգևոր ծառայությունը: Պատ. Արմո Արզումանյանը, ով արձագանքել էր Արցախում ծառայելու ՀԱԵ ՀԽ-ի կոչին, հայտնի պատճառներով դեռևս չի կարողանա անձամբ մեկնել Արցախ, բայց կսկսի իր ծառայությունը հեռակա կարգով՝ ծրագրելով, օնլայն հանդիպումներ ու սերտողություններ նախաձեռնելով:  Այդ ընթացքում եկեղեցու հանդեպ անմիջական հոգածությունն ու բեմի ծառայությունը հոժարակամորեն կստանձնի Արցախում ՀԱԵ հոգաբարձության անդամ, ԱՀԱԸ ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը։ 

Պատվելի Խաչատուր Խաչատրյանն իր հերթին պատմեց, թե ինչպիսի փորձություններով է անցնում եկեղեցին Արցախում, և որքան բարձր է Արցախցիների հոգևոր տոկունությունն այդ մարտահրավերների մեջ:

Հատուկ աղոթքի առիթ տրվեց Արցախի ներկայիս կացության, ինչպես նաև եկեղեցու համար:

Աղոթքին հաջորդեց Աստծո Խոսքից պատգամը: ԱՄՆ-ից ժամանած վերապատվելի Ջո Մաթոսեանը խոսեց Գործք 20.17-21 համարների շուրջ՝ Պողոս առաքյալի կյանքն ու ընթացքը որպես օրինակ բերելով մեր ներկա մարտահրավերներին մեջ. «Մենք կանչված չենք հաջող հովիվներ լինելու այլ հավատարիմ։ Մնալ հավատարիմ անկախ ամեն ինչից եւ քարոզել խոսքը… Առջեւում միշտ կարելիություն կա, Աստված Լուծում ունի։ Մենք պետք է ամբողջական լինենք Աստծո մեջ ու միջոցով»։

 

Նախորդ
...
X