.
ՀԱԵ-ն Վանաձորում նոր օգնական հովիվ ունի

2023 թ.-ի օգոստոսի 27-ը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Վանաձորի համայնքի համար իրադարձային էր:  Տերունական պաշտամունքի ընթացքում տեղի ունեցավ օգնական հովվի պաշտոնակոչությունը: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ Վեր. Հովհաննես Հովսեփյանը ներկայացրեց պատ. Դավիթ Բաբայանին, որից հետո վերջինս պատասխանեց ավագ հովվի կողմից, հովվական ուխտի համաձայն բարձրաձայնվող հարցերին՝ այդ կերպ հաստատելով Աստծուն հավատարիմ մնալու և ժողովրդին անմնացորդ ծառայելու իր առաքելությունը: Հարցեր ուղղվեցին նաև ժողովրդին, որի անունից պատասխաններ հնչեցրին ՀԱԵ Վանաձորի հոգևոր հովիվն ու հոգաբարձուները՝ ի նշան պատրաստակամության՝ աջակցելու պատ. Դավիթ Բաբայանին իր նոր ծառայության ընթացքում: Պաշտոնակոչության բուն ընթացքին հաջորդեց ավագ հովվի աղոթքը ՀԱԵ Վանաձորի գործող հովվի, ծառայողների, հոգաբարձուների, ինչպես նաև պատ. Դավիթ Բաբայանի ու իր ընտանիքի համար: Պատվելին նաև այս համայնքում առաջին անգամ Աստծո Խոսքի պատգամը բերելու հնարավորություն ունեցավ: Խոսելով Բ Տիմոթեոս 3.14-15 համարների շուրջ՝ պատ. Դավիթ Բաբայանը քաջալերեց համայնքին, որպեսզի հարատևեն Աստծո Խոսքի ուսուցման մեջ: 

 

Պատվելի Դավիթ Բաբայանը ծնվել է 1983 թ.-ի նոյեմբերի 2-ին: 1994թ.-ին սկսել է հաճախել ՀԱԵ Ստեփանավանի կիրակնօրյա դպրոց: 1998թ.-ից սկսել է ծառայել Ստեփանավանի ՀԱԵ Քրիստոնեկան դաստիարակության բաժնում, ինչպես նաև ՀԱԵ կողմից կազմակերպված ամառային ճամբարներում: 2001 թ.-ին մկրտվել է ՀԱԵ-ում: 2001-2003 թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2005-2007 թթ.-ին սովորել և ավարտել է Հայ Ավետարանական Աստվածաբանական ակադեմիայի Քրիստոնեական դաստիարակության բաժինը: 2007-2011 թթ.-ին սովորել և ավարտել է նույն ակադեմիայի աստվածաբանության բաժինը՝ ստանալով աստվածաբանության բակալավրի որակավորում: 2010-2015 թթ.-ին ծառայել է Ստեփանավանում՝ որպես ՀԱԵ օգնական հովիվ: 2015 թ.-ից մինչև 2023 թ.-ի օգոստոսի 20-ը եղել է ՀԱԵ Նոյեմբերյանի հովիվը: Ամուսնացած է Կարինե Ղումաշյանի հետ, ունեն երկու զավակ:

Նախորդ
...
X