.
«ԴՈՒ ԷԼ ՄԻԱՑԻՐ». պատանեկան ճամբարի այս տարվա մարտահրավերը

Այսօր ժամանակակից աշխարհը պատանիների առջև բազմաթիվ դռներ է բացում, որոնք նոր հնարավորություններ ու մարտահրավերներ են տալիս: Սակայն, այս հետաքրքիր զբաղվածությունների հանգույցում, նրանք համեմատաբար քիչ առիթ են ունենում վայելելու միմյանց հետ իրական և շոշափելի հաղորդակցությունը, ինչպես նաև ստանալու հոգևոր, քրիստոնեական և բարոյական կրթություն:

Հաշվի առնելով այս առավելություններն ու բացերը՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը ջանք չխնայեցին ծրագրելու և անմոռանալի դարձնելու շուրջ 600 պատանու ճամբարային առօրյան: Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից, ինչպես նաև սահմանամերձ շրջաններից ժամանած 13-17 տարեկան ճամբարականները, հունլիսի 31-ից օգոստոսի 15-ը, 3 հերթափոխով, 5 օր շարունակ վայելեցին խաղերը, միմյանց հետ կենդանի շփումը, լսեցին աստվածաշնչյան դասերը, մասնակցեցին երեկոյան հետաքրքիր և ժամանցային ծրագրերի։

2023 թվականի պատանեկան ճամբարի խորագիրն էր՝ «ԴՈՒ ԷԼ ՄԻԱՑԻՐ», այն յուրօրինակ մարտահրավեր էր ոչ միայն ճամբարի մի մասնիկը լինելու, այլև կարևոր ուղերձ էր. միացում Աստծո հետ. Դու + ԷԼ (Էլ-ը եբրայերեն նշանակում է Աստված) միացում։

Ճամբարային օրերը լի էին անակնկալներով ու նոր, հետաքրքիր բաժիններով. արշավ, խաղեր և նոր փորձառություններ, հետաքրքիր քննարկումներ ու սեմինարներ, նոր ծանոթություններ:

Սակայն ամենակարևոր ձեռքբերումն Աստծո Խոսքի սերտողությունն էր: Պատանիները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու աստվածաշնչյան պատմություններ, որոնք սերտորեն կապված են իրենց առօրյա կյանքի հետ և բացահայտում էին ճամբարի խորագրի մարտահրավերը (Դու-անկում՝ Ծննդոց 1.26-31, Էլ- Աստծո անփոփոխ էությունը՝ Ելք 3.1-14, միացում-փոխակերպում՝ Ղուկաս 15:31, ԴուԷլ-աճ՝ Գաղատացիս 5.19-26): Նրանց համար ավելի հստակ դարձավ այն փաստը, որ չնայած մենք մեր ոչ կատարյալ բնույթով սահման ենք դնում մեր և Աստծո միջև, միևնույնն է, Նա անփոփոխ է և պատրաստ է մեզ ընդունել որպես Իր որդիների: 

Հատկանշական է, որ ճամբարի ավարտից հետո հենց պատանիներն են պատմում ճամբարի թողած դրական տպավորությունների և իրենց փոխված կյանքերի մասին: Սա ապացույցն է, որ նրանք ընդունել են Աստծո հրավերը և միացել են Նրան:


Անուշ Թութիկյան
Պատանեկան ճամբարի
ծրագրերի համակարգող

Նախորդ
...
X