.
«Շողիկ» ճամբարի երիտասարդներն աղոթում են Արցախում շրջափակված իրենց ընկերների համար

Այս օրերին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության «Շողիկ» ճամբարը երիտասարդների հանգրվանն է: 200-ից ավելի երիտասարդ ու ծառայող Հայաստանի տարբեր շրջաններից հավաքվել են` Աստծուն պաշտելու, Աստծո խոսքը սերտելու և միմյանց քաջալերելու: 

Միևնույն ժամանակ երիտասարդական ճամբար է տեղի ունենում պաշարված Արցախում: Սնունդի և կենցաղային այլ անհրաժեշտ պարագաների խիստ սղության պայմաններում, թշնամու հոգեբանական ու ֆիզիկական ճնշումների սպառնալիքի առկայությամբ` Ստեփանակերտի ու Ասկերանի ՀԱԵ երիտասարդները միաբան փառաբանություն են բարձրացնում առ Աստված, գոհանում են Տիրոջից ու քաջալերվում Աստծո Խոսքով: 

Այս մասին լսեցին նաև «Շողիկ» ճամբարում հավաքված երիտասարդները: Լսեցին, քաջալերվեցին ու ձեռք ձեռքի տված հատուկ աղոթք  բարձրացրին առ Աստված Արցախի համար: 

«Արցախը մեր էությունն է, այն պարզապես հողակտոր չէ, մենք մեր մեջ ենք կրում Արցախը, այն մեր աստվածճանաչությունն է»,- որպես աղոթքի պատրաստության կոչ` նշեց Արցախում երկար տարիներ ծառայած Գայանե Եղիազարյանը: 

Մի կողմից ապրումակցումն ու արցախցի երիտասարդների դիմագրաված դժվարություններին ականատես լինելը հուզել էր ճամբարականներին, բայց մյուս կողմից՝ հույսը, Աստծուն ապավինելու մղումն ու վստահությունը, որ ՆԱ ամեն բան գիտի, քաջալերեցին ու գոտեպնդեցին: Երիտասարդներն աղոթում էին վստահությամբ, որ Արցախում շրջափակված իրենց ընկերները կզգան այդ աղոթքի զորությունը, կամրապնդվեն հավատքով ու կշարունակեն Աստծուն ապավինել:  

Աղոթքի այս պահն արձագանք էր նաև օգոստոսի 16-ին Արցախի համար աղոթքով միաբանվելու Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կոչին: 

 

 

Նախորդ
...
X