.
Ի՞նչ է հավատը

«Հավատը հուսացված բաների հաստատումն ու աներևույթ բաների ապացույցն է»: Եբրայեցիներին 11.1

 

Ի՞նչ է հավատը։ Արդյո՞ք աստվածաշնչյան այս համարը որպես սահմանում կարող ենք ընդունել եւ բացատրել հավատն իր էությամբ ու բովանդակությամբ։

Հեղինակը նախաբան է տալիս այս համարով եւ հետո մի ամբողջ գլուխ սահմանում է հավատը գործնական, կյանքի օրինակներով հետեւյալ կերպ՝

հավատով այսինչ կամ այնինչ անձը պատգամ առավ Աստծուց եւ ամեն գնով հնազանդվեց այդ պատգամին։

Ուրեմն հավատն Աստծուց հստակ պատգամ ստանալը եւ այդ պատգամին հնազանդելն է։

Այդ պատգամները հաճախ մարդկային մտքի համար անտրամաբանական եւ նույնիսկ անընդունելի են։

Հավատը նախ եւ առաջ վստահություն եւ հույս է տալիս հավատացողին, որ պատգամը տվողը Տերն է եւ նույնիսկ եթե հիմա չեմ հասկանում, չեմ տեսնում, պետք է ամբողջապես կառչած մնամ Նրանից, քանի որ Նա կենդանի է եւ վարձահատույց է լինում Իրեն փնտրողներին (Եբր. 11.6)։

Հավատի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ կարող ես պատգամը ստանալ, հնազանդվել ու հավատարիմ մնալ մինչեւ վերջ, բայց այդպես էլ հավատով վկայության խոստումը չստանալ (Եբր. 11. 39)։

Աստվածաշնչի մեջ տեղ գտած հավատն Աստծուն ամբողջական հնազանդություն է սովորեցնում՝ անկախ կյանքի ընթացքից, զարգացումներից եւ անսպասելի իրավիճակներից։