.
Տղամարդկանց մեկօրյա համագումար Սիսիանում

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու տղամարդկանց հանձնախմբի նախաձեռնությամբ մեկնարկած «Տղամարդն Աստծո առջև» տարածաշրջանային մեկօրյա համագումարների շարքն ամփոփվեց Սյունիքի մարզում:

Մեկնարկը տրվել էր 2022 թ.-ի նոյեմբերի 26-ին՝ Տավուշի մարզից: Այնուհետև տղամարդկանց մեկօրյա համագումարներ էին տեղի ունեցել Վանաձորում՝ Հայաստանի հյուսիսային շրջանի, և Երևանում՝ տեղի ու հարակից շրջանների ՀԱԵ տղամարդկանց համար: 

Սյունիքի մարզում նախատեսված համագումարը հունիսի 10-ին էր՝ Սիսիանում ՀԱԵ հյուրընկալ հարկի տակ:

33 տղամարդ Կապանից, Սիսիանից և Գորիսից՝ իրենց հովիվների ուղեկցությամբ, ինչպես նաև տղամարդկանց հանձնախմբի անդամներ պատ. Դավիթ Բաբայանը, վեր. Վարդան Ափինյանը և ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը, հաղորդակցությամբ հարուստ հյուրասիրության, միասնական պաշտամունքի, ինչպես նաև Աստծո Խոսքը սերտելու առիթ ունեցան:

Վեր. Հովսեփյանը խոսեց Ա Տիմոթեոս 2.1-8 համարների շուրջ՝ կենտրոնանալով համագումարի խորագիրը հանդիսացող հատվածի վրա. «Արդ կամենում եմ, որ տղամարդիկ ամեն տեղ աղոթք անեն՝ մաքուր ձեռքեր վեր բարձրացնելով, առանց բարկության ու երկմտանքի։»

Պատգամից հետո համագումարի մասնակիցները 3 խմբի բաժանվեցին, որտեղ անդրադարձան հետևյալ հարցերին՝ ինչպիսի՞ն է իրենց աղոթքի կյանքը, ի՞նչի համար են աղոթում անհատապես և եկեղեցում։ Վերհիշեցին, թե ինչ բաների համար է Պողոս Առաքյալը տղամարդկանց կոչ անում աղոթել ընդհանրական պաշտամունքի  ընթացքում։ Անդրադառնալով սուրբգրային հատվածին՝ փորձեցին հասկանալ, թե ինչպես է այն օգնում՝ վերանայելու աղոթքի ընթացքն ընդհանրական պաշտամունքի ժամանակ, ինչպես է առաքյալը հորդորում աղոթել, ինչ է նշանակում «սուրբ ձեռքեր վեր բարձրացրած» և «առանց բարկության և երկմտանքի»։

Խմբային քննարկումներն ամփոփվեցին եկեղեցասրահում: ՀԱԵ ավագ հոգևոր հովիվ վեր. Հովհաննես Հովսեփյանը կոչ արեց տղամարդկանց վերանայել պաշտամունքի ընթացքում իրենց աղոթքի կյանքն ու պատասխանատվությունը և ուշադրություն դարձնել անձնական սրբության կյանքին. փոխանակ ձեռքերը բռունցք դարձնեն բարկության համար, նույն այդ ձեռքերը վեր բարձրացնեն աղոթքի համար:

Մեկօրյա այս համագումարների նպատակը, միասնական պաշտամունքից զատ, Աստծո առջև տղամարդու իրական դերի ու պատասխանատվության գիտակցության ամրապնդումն էր, Աստծո Խոսքի ու սերտողությունների միջոցով նրանց խրախուսելը, որ ձգտեն հոգևորապես ավելի աճել և ամրանալ հավատքի կյանքում, ինչպես նաև ծանոթության ու մտերմության առիթ ստեղծել տարածաշրջանի ՀԱԵ տղամարդկանց միջև:

Նախորդ
...
X